
Ռումանիոյ Հայոց թեմի Առաջնորդանիստ «Սրբոց Հրեշտակապետաց» Մայր Տաճարում, փետրվարի 23-ին թեմակալ առաջնորդ գերշ․ Տեր Տաթև եպս․ Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Սումգայիթի ոճրագործությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից անմարդկային կերպով սպանված անմեղ զոհերի հիշատակին։
1988 թ-ի Սումգայիթի ցեղասպանության մասին միայն փետրվար ամսին չէ, որ պետք է հիշել, ինչպես 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության մասին միայն ապրիլին չէ, որ պետք հիշել ու խոսել։ Պարզ ու լայն բացած աչքերով պետք է ամեն անգամ նայենք իրականությանը՝ հիշելով ու դատապարտելով անմարդկային դաժանությունները, որոնք տեղի են ունեցել հայի հետ միայն այն պատճառով, որ նա ՀԱՅ է և կրում է ՅԱՆ ազգանունը։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից մի փոքր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում հենց դա շեշտելով և բարձրաձայնելով են խոշտանգողներն ու մարդասպանները կատարել իրենց ոճրագործությունները՝ առանց խղճի մի կաթիլ զգացումի։
Սումգայիթից անցել է ընդամենը 37 տարի․․․ մոռանալ այս ամենը՝ նշանակում է ինքդ քո ձեռքերով ոչնչացնել ինքդ քեզ, ինքդ քո պատմությունը, ուրանալ քո ազգին, քո արմատները և միգուցե ապրել քո պատմության վերջին էջն ու այն թերթել։
Սումգայիթը, ինչպես շատ ու շատ նման էջեր, մեր պատմության մեջ ուղղակի անուններ չեն, ուղղակի թվականներ, օրեր և պատահական դեպքեր չեն։ Սրանք վառ վկայությունն ու ապացույցն են այն պարզ ճշմարտության, որ թշնամին՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները, դավեր նյութել են և նյութում են մինչ այսօր, որ քաղաքակիրթ աշխարհը անտարբեր եղել է այն ժամանակ և անտարբեր է այսօր, ուստի հային պաշտպանել կարող է միայն ինքը՝ ՀԱՅԸ։
Հայերը մարդասեր են, ներողամիտ, սակայն մեր պատմության մեջ կան վշտալի իրադարձություններ, որոնք մոռանալը էլ ավելի մեծ մեղք է, քան չներելը քո ազգը ցեղասպանողին։
Մենք մինչ այսօր հիշում ենք և հիշելու ենք, աղոթել ենք և աղոթելու ենք անմեղ զոհերի համար, վառ ենք պահելու նրանց հիշատակը և չենք մոռանալու այն ողբերգություններն ու նենգամիտ քայլերը, որոնք եղել ենք հայի հետ և հայի դեմ։ Քանի դեռ ապրում է հայը, նա իր սրտի ամեն մի զարկի հետ պահանջելու է արդարություն և դատապարտելու է ամեն մի անարդարություն։
Ցեղասպանությունները կազմակերպող յուրաքանչյուր իշխանություն և անձ կրելու է իր պատիժը։ Եթե ոչ հիմա, ոչ երկրային այս կյանքում, ապա միանշանակ ավելի ուշ՝ երկնային և աստվածային դատաստանով։
Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվան


