
Հաագա, Բրյուսել, Լյուքսեմբուրգ – 30 հունվարի, 2025թ.
Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025թ. կարճ ցանկում։ 2013 թվականից՝ իր հիմնադրումից ի վեր այս ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջատար նախաձեռնություն է, որն ուղղված Եվրոպայի վտանգված ժառանգության պաշտպանությանը և գործում է որպես անհրաժեշտ պետական և մասնավոր աջակցության, ներառյալ ֆինանսական աջակցությունը, ջատագով և կատալիզատոր:
2025թ. Եվրոպայի 14 ամենավտանգված հուշարձաններն ու ժառանգության վայրերն են.
- Միքսնից-Բերենշուցկլամ երկաթուղային կայարան, ԱՎՍՏՐԻԱ
- Աթի Երկաթե ամրոց, ԲԵԼԳԻԱ
- Նիբորգ ամրոց, ԴԱՆԻԱ
- Մոնեմվասիայի ամրոց, ՀՈՒՆԱՍՏԱՆ
- Օդամուղի սրահ, Էշ-սյուր-Ալզետ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ
- Երկաթուղային կամուրջներ և Բաարդվեյսկե Օվերլաատ առափ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
- Ազգային թատրոն, Օսլո, ՆՈՐՎԵԳԻԱ
- Օռլայի Մեծ Սինագոգ, ԼԵՀԱՍՏԱՆ
- Պաուլիստաս եկեղեցի և միաբանություն, Լիսաբոն, ՊՈՐՏՈՒԳԱԻԱ
- Գլխավոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, ՍԵՐԲԻԱ
- Սան Էստևո դե Պուսադա եկեղեցի, ԻՍՊԱՆԻԱ
- Վալհալլա լողավազան, Գյոթեբորգ, ՇՎԵԴԻԱ
- Վիկտորյայի աշտարակի այգիներ, Լոնդոն, ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Վտանգված ժառանգության 14 վայրերը, որոնք ներկայացնում են 14 եվրոպական երկիր, ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկված են պատմության, հնագիտության, ճարտարապետության, ամրակայման, նախագծերի վերլուծության, ինչպես և ֆինանսական փորձագետներ: Վայրերի առաջադրումները կատարել կամ հաստատել են «Եվրոպա Նոստրայի», ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի անդամները:
Ընտրությունը կատարվել է ելնելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելու ու մշակութային արժեք ներկայացնելու հանգամանքից, նաև իրական այն վտանգից, որին այն առերեսվում է այսօր։ Հաշվի է առնվել տեղական համայնքների ներգրավվածության և այս վայրերը փրկելու հարցում պետական ու մասնավոր շահառուների հանձնառության աստիճանը: Չափանիշների թվում կարևորվել է տեղում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը խթանելու այս վայրերի ներուժը:
«Եվրոպա Նոստրայի» գործադիր նախագահ, դոկտոր պրոֆ. Հերման Պարցինգերը նշում է. «Ընտրված ժառանգության վայրերը վտանգված են անտեսված կամ քանդվելու ռիսկի առջև կանգնած լինելու, ֆինանսավորման ու կայուն զարգացման հնարավորություն չունենալու և այլն պատճառներով: Հրապարակելով այս կարճ ցանկը՝ ցանկանում ենք աջակցության ուղերձ հղել այն ակտիվիստներին և տեղական համայնքներին, որոնք խորապես նվիրված են այս վայրերը փրկելու գործին: Եվրոպայի ժառանգությունը պետք է պահպանվի ոչ միայն որպես մեր ընդհանուր անցյալի վկայություն, այլ նաև որպես կայունության և համախմբված ու խաղաղ ապագայի խթան»։
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի դեկան Շիվա Դուստդարն ընդգծել է. «Մշակութային ժառանգությունը եվրոպական ինքնության, գրավչության և տնտեսական աճի հիմնական ռեսուրսն է: Այս կարճ ցանկը մեզ հիշեցնում է, թե որքան փխրուն է այդ ժառանգությունը, և որքանով ենք մենք դա ընդունում: Ինստիտուտը մեր վաղեմի գործընկեր «Եվրոպա Նոստրայի» հետ միասին ամբողջ Եվրոպայում աջակցում է տեղական այն համայնքների ջանքերին, որոնք գիտակցում են, որ մշակութային ժառանգության վայրերը փրկելը կօգնի իրենց հաղթահարելու հրատապ այլ մարտահրավերներ ևս։ Հույս ունենք գալիք սերունդների համար այս տեսարժան վայրերը վերականգնված և պահպանված տեսնել»։
Եվրոպայում «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի 2025թ. վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլին։
Առաքելոց վանական համալիր և բնակատեղի, Հայաստան
Թաքնված Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի գողտրիկ անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին միջնադարի կրոնական ու աշխարհիկ ժառանգության յուրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգվող այս հուշարձան խումբը 13-րդ դարի մշակութային և տնտեսական կյանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցությունը ևս մեկ փաստարկ է համալիրի պատմական, նաև աշխարհաքաղաքական կարևորության օգտին։
Բոլորված տպավորիչ պարսպով ու աշտարակներով՝ համալիրի զարդը գլխավոր եկեղեցին է, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթավոր դահլիճ ու կից գավիթ՝ հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մեջ ու հավատարիմ հայ առաքելական ավանդույթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր. Հայկական մետաքսի ճանապարհի վրա առևտրային երբեմնի աշխույժ այս կենտրոնի խոսուն վկաներ են քարավանատունը, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Որպես վանական կալվածք ազատված լինելով հարկերից՝ կրոնականի ու աշխարհիկի համակեցության այս օրինակը բարեկեցություն, ինչպես և հայ-վրացական մշակութային փոխազդեցության ուշագրավ մի ժառանգություն է կերտել Զաքարյանների և մոնղոլական տիրապետության տարիներին։ Չնայած պատմական իր նշանակությանը, բնակատեղին լքված է 17-րդ դարից. այն նաև պատշաճ ուսումնասիրված չէ։
Առաքելոցն այսօր առերեսվում է ամենուր սպրդող բուսականության, քայքայվող հիմնապատերի, փոփոխվող կլիմայի, առատ տեղումների ու սելավների վտանգներին. սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասված շինությունները հավելյալ մարտահրավերներ են հուշարձանախմբի համար։ Մարդկային գործոնը ևս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գոտի, չպահպանվող տարածք։ Ավելին, չղջիկների գաղութը համալիրի տարածքում մշակութային ժառանգության ու վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված ընտրություն է ենթադրում։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը: Առաջադրմանը աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Աճարկուտի համայնքապետարանը, «Կապույտ վահան Հայաստանը» և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Տեղանքի պահպանության, հետազոտության ու կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է ցուցաբերելու Կրեմսի շարունակական կրթության համալսարանը (Ավստրիա)։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազոտություն, տարածքի բարեկարգում ու պահպանություն, ինչպես նաև կայուն էկոտուրիզմի զարգացում, մասնակցությամբ տեղական շահառուների՝ ներառյալ ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների։ Ծրագրի մաս կազմող կրթական նախաձեռնությունները և զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն շաղկապել տեղի բնակչությունն ու միջնադարյան այս գանձերը՝ հպարտության ու գնահատանքի զգացում ձևավորելով տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։
«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարյան նշանակալի մի հուշարձանախումբ է, որում արտացոլված է դարաշրջանի մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը: Այդուհանդերձ, անկայունությունը համալիրի շուրջ, պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածությամբ և բնապահպանական խնդիրներով, անհապաղ միջամտություն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող է հաշտեցման, տարածաշրջանային կայունության և կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգությունը խաղաղության և առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։
Ընդհանուր տեղեկություններ
«Յոթ ամենավտանգված» ծրագիր
«Յոթ ամենավտանգված» ծրագիրը քաղաքացիական հասարակության՝ Եվրոպայի վտանգված ժառանգությունը փրկելու արշավի մի մասն է: Այն բարձրացնում է հասարակության իրազեկվածության մակարդակը, տալիս անկախ գնահատականներ և առաջարկում գործուն քայլեր: Այն նաև տրամադրում է 10.000 եվրո դրամաշնորհ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր վայրի համար՝ աջակցելու համաձայնեցված գործողություններին, որոնք կօգնեն փրկել վտանգված ժառանգությունը:
2013-ին մեկնարկած այս նորարարական ծրագիրը ղեկավարում «Եվրոպա Նոստրան»՝ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» նախագիծը։
«Յոթ ամենավտանգված» ծրագրի 10-ամյակի կապակցությամբ 2023-ին ԵՆԲ-ն թողարկեց «Փրկելով անցյալը՝ ձևավորել ապագան» գրքույկը, որը ներկայացնում է հաջողված պատմություններ ու ընդգծում գործընկերության և համայնքի ներգրավվածության կարևորությունը: «Եվրոպա Նոստրայի» հետ սերտ համագործակցությամբ պատրաստված գրքույկը կարելի է կարդալ և ներբեռնել վեց լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և լեհերեն):
Ծրագրի մեկնարկից ի վեր ընտրվել է վտանգված 63 հուշարձան և ժառանգության վայր Եվրոպայի 31 երկրում (ամրոցներից մինչև կամուրջներ, ֆաբրիկաներ ու եկեղեցիներ)։ 2016թ. Վենետիկի ծովածոցը (Իտալիա) հռչակվեց ԱՄԵՆԻՑ վտանգված ժառանգությունը Եվրոպայում, 2022 թվականին «Եվրոպա Նոստրայի» խորհուրդը Ուկրաինայի հարուստ և բազմազան ժառանգությունը հռչակեց ամբողջ Եվրոպայի ԱՄԵՆԻՑ վտանգված ժառանգություն:
Եվրոպա Նոստրա
«Եվրոպա Նոստրան» եվրոպական քաղաքացիական հասարակության ձայնն է՝ ուղղված մշակութային և կենսական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը: Որպես ժառանգության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա, այն աջակցում է պետական հաստատություններից, մասնավոր ընկերություններից և անհատներից բաղկացած ընդգրկուն մի ցանցի ավելի քան 40 երկրում: Լինելով Եվրոպայի ամենամեծ և ոլորտի ամենից ներկայացուցչական ցանցը՝ այն սերտ հարաբերություններ է պահպանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կառույցների հետ: 1963թ. հիմնադրված «Եվրոպա Նոստրան» այս տարի նշում է իր 60-ամյակը։
«Եվրոպա Նոստրան» իրականացնում է Եվրոպայի վտանգված հուշարձանները, միջավայրերը և լանդշաֆտները փրկելու քարոզարշավ՝ մասնավորապես «Յոթ ամենավտանգված» ծրագրի միջոցով: «Եվրոպական ժառանգության» կամ «Եվրոպա Նոստրա» մրցանակներով այն խրախուսում և հանրահռչակում է նաև բացառիկ նվաճումները։ «Եվրոպա Նոստրան» ակտիվորեն աջակցում է ժառանգությանն առնչվող եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը՝ եվրոպական կառույցների հետ մասնակցային երկխոսության և Եվրոպական ժառանգության դաշինքի համակարգման միջոցով:
«Եվրոպա Նոստրան» գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ընտրված Եվրոպական համընկերությունը, որն իրականացնում է «Եվրոպական ժառանգության կենտրոն» փորձնական նախագիծը (2023-2025 թթ․): Այն նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված Նոր եվրոպական Բաուհուզ նախաձեռնության պաշտոնական գործընկերն է և Կլիմայի ժառանգության ցանցի եվրոպական առաջատար ներկայացուցիչն ու աջակիցը:
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտ
Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը (EIB-I) ստեղծվել է ԵՆԲ խմբի (Եվրոպական ներդրումային բանկ և Եվրոպական ներդրումային հիմնադրամ) շրջանակներում՝ եվրոպական շահագրգիռ կողմերի և հանրության հետ միասին խթանելու ու աջակցելու սոցիալական, մշակութային և ակադեմիական նախաձեռնությունները: Այն ԵՆԲ խմբի համայնքային և քաղաքացիական գործակցության առանցքային հենասյունն է: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://institute.eib.org կայքում։
Ստեղծագործ Եվրոպա
«Ստեղծագործ Եվրոպան» ԵՄ ծրագիր է, որն աջակցում է մշակութային և ստեղծագործական ոլորտներին՝ հնարավորություն տալով վերջիններիս իրենց նպաստը բերելու Եվրոպայի սոցիալական, տնտեսական կյանքում և կենսամիջավայրում: Ծրագիրը 2021-2027 թթ. համար նախատեսված 2,4 միլիարդ եվրո բյուջեով օժանդակում է ժառանգության, կատարողական արվեստի, կերպարվեստի, միջգիտակարգային արվեստների, հրատարակչության, կինոյի, հեռուստատեսության, երաժշտության և տեսախաղերի ոլորտների կազմակերպություններին, նաև տասնյակ հազարավոր արվեստագետների, մշակութային և տեսալսողական ոլորտի գործիչների:
orer.eu