Հայաստանի ղեկավարների շնորհավորական ուղերձներն Ամանորի առթիվ

  • 31.12.2024
  • 0
  • 100 Views

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհասփյուռ հայություն,

2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ:

Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար:

Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը:

Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:

Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում:

Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ:

Այս նպատակին հասնելու համար մեր երկրին հարկավոր են անձնվեր, պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներում:

Նրանք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կներդնեն ոչ միայն սեփական ոլորտի, այլև պետության անվտանգության և կայուն զարգացման գործում:

Սա ենթադրում է ռազմավարական մտածողության զարգացում, միջազգային համագործակցության ընդլայնում և հարևան երկրների հետ կառուցողական երկխոսության խորացում:

Մեր պետությունը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, իր ուրույն տեղն ու դերն ունի աշխարհի քարտեզի վրա՝ անկախ ֆիզիկական չափումներից:

Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը:

Մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը մեզ ուժ են տալիս և ոգևորում, որպեսզի մեր սթափ հայացքը ուղղված լինի դեպի ներկա ու ապագա՝ միտված ժամանակակից և մրցունակ պետություն կառուցելուն:

Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները:

Մեր ժողովրդի իմաստությունը, աշխատասիրությունը և անկոտրում ոգին միշտ եղել ու մնում են մեր հաջողության գրավականը:

Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի:

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում տիրի սերն ու համերաշխությունը, իսկ մեր երկրում՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Շնորհավոր Նոր տարի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2024 թվականն ահա պատմություն է այլեւս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան եւ ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլեւ մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային:

Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին եւ արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն եւ մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, եւ ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է:

Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի եւ իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը: 

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ եւ այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, եւ այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետեւողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաեւ ճկունության եւ ստեղծագործականության, ինչպես նաեւ բոլորիդ աջակցության շնորհիվ:

Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետեւ դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել եւ կենտրոնանալ մե՛ր եւ ոչ թե ուրիշների անելիքների եւ ասելիքների վրա, եւ սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է:

Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը եւ մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարեւորագույն անկյունաքար: Գնացեք եւ սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան եւ Խաղաղության օրակարգ ասելով:

Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում եւ ընտանիքներում, համայնքներում եւ բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել եւ կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, եւ մենք հետեւողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ եւ մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ: Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն եւ աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն եւ աշխատանք, նաեւ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական եւ մանրամասն հասկանալու համար, որովհետեւ համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք եւ ունենք արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետեւանք են: 

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար:

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձեւն ու գաղափարախոսությունը գտնված է, եւ դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատեւության օրակարգը, եւ այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաեւ նրանից, թե մենք ինչքան եւ ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան եւ ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատեւ պետություն ունենալ:

Իսկ աշխատանքը եւ կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատեւության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա:

Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք: Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, եւ այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի եւ կրթության, փոխվելու եւ վերափոխվելու ռազմավարության արդյունք է:

Այդ արդյունքը պետք է գնահատենք եւ այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք: 2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ եւ ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, եւ այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը եւ այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, եւ սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք եւ որով պիտի առաջնորդենք:

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը եւ շնորհավոր Նոր տարի:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ քաղաքացիներ,

Անցյալում է մնում եւս մեկ տարի: Այն հեշտ տարի չէր մեզ համար, բայց, այնուամենայնիվ, այն լի էր նաեւ դրական ձեռքբերումներով մեր երկրի եւ ժողովրդի ապագայի համար:

2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է ավելի քան 515 օրենք, այդ թվում՝ վավերացրել կարեւոր պատմական փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը. սա անկախությունից ի վեր առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջեւ: 2024 թվականի կարեւոր ձեռքբերումներից էին նաեւ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս եւ էլի շատ կարեւոր քայլերի հիմնական ու կարեւորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում երկարատեւ  խաղաղության հաստատումը:

Սիրելի՛ բարեկամներ,

Դուք երեւի հիշում եք՝ անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների  ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին եւ խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր:

Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար եւ այժմ շատ մոտ ենք երկարատեւ խաղաղության հաստատմանը: Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, եւ ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում՝ կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ եւ ապահով Հայաստանի Հանարապետությունում:

2024 թվականի ավարտին մնացին հաշված րոպեներ, եւ մենք այսօր մեծ հույսով ու հավատով նայում ենք դեպի ապագա, դեպի 2025 թվական: Ակնկալում ենք, որ գալիք տարին լավն ու բարին կբերի մեր ընտանիքներին, մեր հարազատներին, ընկերներին եւ մեր երեխաներին: Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին, թող 2025 թվականի ընթացքում հայ ընտանիքներում նորածին մանկան ճիչն անպակաս լինի, թող 2025 թվականը լինի մեր երեխաներին նվիրված տարի, այն է` մեր ժողովրդի ապագայի տարի:

Եվ, իհարկե, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը եւ կեցցե՛ն մեր երեխաները, ովքեր ապրելու են ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում:

Գալդ բարի նոր՝ 2025 թվական:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված մեզ պահապան:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում