Ի դեմս Ֆահրադ Ափուջանյանի՝ մեծարվեց կյանքի ակունքները մաքուր պահող Մարդու վեհությունն ու խիզախությունը

  • 10.12.2024
  • 0
  • 216 Views

«Երանելի երկիր …Սպիտակ», «Արևաշող», «Ժամանակի վկան», «Սպիտակի շրջանի դպրոցների պատմությունը և դպրության նվիրյալները»… ՀՀ վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս, հասարակական, մշակութային գործիչ Ֆահրադ Ափուջանյանի հեղինակած այս գրքերին եթե ընթերցողը  դեռ ծանոթ չէ /միջանկյալ ասենք՝ գրքերում ընդգրկված են հին ու նոր Սպիտակի, շրջակա գյուղերի անվանի գործիչները, համահայկական եւ միջազգային ճանաչում ունեցող սպիտակցիները, կուսակցական, պետական, տնտեսական գործիչներ, գեներալներ, կուսակցական, խորհրդային, կոմերիտական, տնտեսական ակտիվի ներկայացուցիչներ, գիտնականներ, գրողներ, ժուռնալիստներ, մշակույթի գործիչներ, անվանի մարզիկներ, կրթության գործիչներ, իրավաբաններ, զինվորականներ/, անուններն անգամ հուշում են, թե ինչի մասին են և մտորելու տեղիք են տալիս՝ ի՞նչը, ի՞նչ մի հզոր  ուժ է մղել հեղինակին նման դժվարին տքնանքի լուծը կրելու: Եվ պիտի ասել՝ պատվով կրելու…

Մենք ամեն օր անհամբերությամբ ենք սպասում նրա համապարփակ գնահատանք- հրապարակումներին մեր անվանի, վաստակաշատ, հայրենասեր հայորդիների մասին, որոնցից շատերը ապրում են մեզ հետ, մեր կողքին, բայց զարմանալիորեն մենք նրանց …չենք նկատում, չենք գնահատում՝ ըստ արժանվույն: Մինչդեռ  նա ոչ մի նշանավոր հայրենակցի մոռացության չի մատնում և մեզ համար հնչեցնում է իր ամենօրյա «Հիշողության զանգը»: Շնորհակալ լինելուց հետո արդյո՞ք մտորել հարկավոր չէ՝ ի՞նչ մի զորավոր ուժ է նրան մղում ամեն Աստծո օր  «քրքրել» մեր թմրած  հիշողությունը, ու մոռացության մշուշից գնահատանքի ու արժևորման խոսքերով   մեզ վերադարձնել մեր մերթական ՄԵԾՈՒԹՅԱՆԸ՝ խոնարհման ու երկրպագման թախանձանքով…

ՆԱ  ոչ միայն անմասն չի մնում մարզի մշակութային կարևոր միջոցառումներին մասնակցելուց, այլ նաև ոգրևորությամբ է հանդես գալիս գնահատանքի՝ տեղին, ծանրակշիռ ու ասելիքով հարուստ  խոսքով…Չկարծեք՝ հանպատրաստից է ելույթներ ունենում, նախապատրաստական դժվարին փուլի մասին լսողը գեղեցիկ, վերլուծական խոսքի շնորհիվ չի էլ նկատում: Մտորում եմ՝ այդ ի՞նչ ուժ է նրան համակում, ի՞նչն է նրան նման ակտիվության մղում…

Հայտնագործություն չեմ անում, պատասխանում եմ՝ ՍԵՐԸ…Սերը՝ ամեն լավի, բարու ու մարդկայինի նկատմամբ: Սերը՝ սեփական օջախի, հայրենի եզերքի ու նրանցում ապրող,  կյանք ու սեր արարող մարդկանց նկատմամբ: Այդ ՍԵՐՆ է 75-ամյա այրին երիտասարդական ավյուն հաղորդում և տքնանքի մղում: Ահա, ՆՐԱ այդ զորեղ հատկանիշն է  զատորոշել  Համբուրգում տպագրվող «Սփյուռք» ամսաթերթի խմբագրական հանրույթն ու նրա հիմնադիր-խմբագիր Աիդա Ռիտա Ավագյանը և որոշել մեր հայրենակից Ֆահրադ Ափուջանյանին արժանացնել ամսաթերթի հատուկ մրցանակին:

Դեկտեմբերի 11-ին Վանաձորի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի ներքո մրցանակը Տիրոջը  հանձնեց Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ով տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը եղել է հատուկ և նպատակային: Այն է՝ հաղթողը պիտի լինի ոչ թե մայրաքաղաքի, այլ  մայրաքաղաքից դուրս համայնքանքներում ապրող մարդկանց  կյանքն ու կենցաղը, նրանց հեգսերն ու գործերն իր ստեղծագործությունների մեջ արտացոլողն ու լուսաբանողը: 

Մրցանակի հանձնման օրը մշակութային մի նոր ու գեղեցիկ միջոցառման վերածվեց նաև ելույթ ունեցող մեծահամբավ մարդկանց շնորհիվ:  

Ֆահրադ Ափուջանյանին շնորհավորեցին և նրա մասին հուշեր պատմեցին,  իրենց սրտի ջերմ խոսքերն ասացին  բանասիրական գիտությունների  դոկտոր , պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը , մանկավարժական գիտությունների  դոկտոր , պրոֆեսոր, Վանաձորի Պատվավոր քաղաքացին  Վանդոս Ղարագյոզյանը , ,,Լոռու մարզ,, թերթի խմբագիր , ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ  Մանվել Միկոյանը , ֆիզմաթ. գիտությունների թեկնածու , դոցենտ Ռոբերտ Սահակյանը , աշուղ , բանաստեղծ Աշոտ Դալլաքյանը, ով կատարեց նաև իր երգերից, Ֆահրադ Ափուջանյանի տիկինը ՝ Արևաշողի դպրոցի նախկին տնօրեն Գյուլվարդ Համբարյանը:

Վերջում շնորհակալանքի խոսք ասաց Ֆահրադ Ափուջանյանը։ Նա մասնավորապես բարձր գնահատեց Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի և ,,Սփյուռք,, (Համբուրգ , Գերմանիա) հանդեսի խմբագիր Աիդա Ռիտա Ավագյանի գործունեությունը հայ գրականության և մշակույթի զարգացման , հայապահպանության գործում ծառայությունների եւ վաստակի համար։

Նույն օրը երեկոյան, տեղեկանալով միջոցառման մասին, իր գրչակից ընկերոջը շտապեց շնորհավորել  լրագրող, գրող Պատրիկ Արտեմին. «Սիրելի ՖԱՀՐԱԴ«ՍՓՅՈՒՌՔ»ի մրցանակը ոչ միայն քո, նաև բոլորիս ուրախությունն է։ Այս հակասական օրերի մեջ, այս նահանջների ու պարտությունների մեջ ի դեմս քեզ մեծարվում է կյանքի ակունքները մաքուր պահող Մարդու վեհությունն ու խիզախությունը։ Սիրելի Ֆահրադ, դու էպոսային մարդ ես և էպոսագիր մարդ։ Ես վաղուց փորձում եմ իմ գրականության մեջ կերտել Ֆահրադ Ափուջանյանի հանգույն գոնե մի կերպար, այդպես էլ չիմացա՝ հաջողվեց, թե՝ ոչ։ Մեծ օվկիանոսի ափին իմ համեստ կացարանում և իմ սիրած Ափսինթ օղիով խմում եմ կենացդ՝ հայոց ժամանակի անխոնջ վկա և ազնվագույն ասողիկ․․» :

Գագիկ Անտոնյան

Հայաստան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում