Երիտասարդական ակումբների դաշնությունը 25 տարի զարգացնում է երիտասարդներին
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA.net) 25 տարի հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ ստեղծել է այնպիսի միջավայր և հնարավորություններ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հայտնվելով կրթվում և զարգանում է, ձեռք է բերում տարբեր կարողություններ ու հմտություններ, ինքնադրսևորվում է, ազգային և մշակութային արժեքներին է հաղորդակից դառնում։
Երիտասարդական ակումբների դաշնությունը համախմբում է հարյուրից ավելի երիտասարդական կազմակերպություններ, կենտրոններ, ակումբներ և նախաձեռնություններ Հայաստանի ողջ տարածքից, իրականացնում է բազմաթիվ տեղական և միջազգային ուսուցողական, երիտասարդական, միջմշակութային հաղորդակցության ծրագրեր, ֆորումներ ու սեմինարներ։
Նախագահ Ատոմ Մխիթարյանը հոբելյանական միջոցառման ժամանակ ներկայացրեց կազմակերպության խորհրդանշական 25 ձեռքբերումներն ու հաջողությունները։ «25 տարվա ընթացքում ԵԱԴ-ն իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր, որոնք ոչ միայն նպաստել են երիտասարդների զարգացմանը, այլև աջակցել նրանց՝ ձեռք բերելու առաջնորդական ու կազմակերպչական հմտություններ: Ստեղծվել է հզոր համայնք, որը միավորում է հազարավոր երիտասարդների Հայաստանից ու Սփյուռքից: Դաշնության առաջիկա խնդիրներից են՝ մեծացնել միջազգային համագործակցության շրջանակը, մշակել և իրականացնել նորարարական ծրագրեր, երիտասարդներին ներգրավել սեփական համայնքների խնդիրների լուծման գործընթացներում»:
Միջոցառումը կազմակերպվել էր «Մասուր արվեստի տուն» սոցիալական ձեռներեցության կենտրոնում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական գորգագործության գաղտնիքներին, լսելու Նաիրյան վոկալ խմբի ղեկավար Նաիրա Մուղդուսյանի հոգեթով, ազգային երգերը և ծանոթանալու Մարիամ Մուղդուսյանի վրձնով ստեղծված կտավներին։ Մուղդուսյան քույրերը տարիներ առաջ հասարակական գործունեության իրենց ճանապարհը սկսել են հենց ԵԱԴ-ից։
Ելույթ ունեցան նաև FYCA բենդի մեներգչուհիները՝ Լիլիթ Հովակիմյանն ու Մարիամ Գրիգորյանը։
Հոբելյանական երեկոն ավարտվեց գաթայի պատրաստման ծիսական արարողությամբ։ Ներկաները լսեցին գաթայի պատրաստման խորհրդի, հայկական ընտանիքում գոյություն ունեցած ավանդույթների մասին հետաքրքիր պատմություններ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի առաջարկով միջոցառման մասնակիցները, որպես նվեր, բերել էին ծաղիկներ, որոնք հողում են։ Յուրաքանչյուր ԵԱԴ-ական պարտավորվում է խնամել և հոգ տանել այս բույսերի, շրջակա միջավայրի, ընտանիքի, հայրենիքի մասին, կրթվել և զարգանալ՝ դառնալով դրական փոփոխություններ բերող և Հայաստանը զարգացնող մարդ։
orer.eu