Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և մեկ տարի առաջ Արցախի անօրինաբար կալանավորված առաջնորդների եւ ողջ արցախահայության համար աղոթք: Պատարագիչը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն էր։
Աղոթքից հետո, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Վեհափառ Հայրապետին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։
Այնուհետեւ Վեհափառը մասունքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը, հայ ժողովրդի բարօրության եւ Եկեղեցու պայծառության համար։ Այնուհետեւ հավատացյալները մոտեցան եւ երկրպագություն տվեցին մասունքին։
Մասունքը Հայ առաքելական եկեղեցուն փոխանցվեց Չեխիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի խնդրանքով։
Նշենք, որ Պրահայի արքեպիսկոպոսին ուղեկցում էին Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
Հիշեցնենք, որ Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիրներից մեկը։ Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։ Այնուհետև քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։ Բարդուղիմեոս առաքյալն է Հայաստան բերել Տիրամոր պատկերը և Անձևացյաց գավառի Դարբնաց քար կոչված վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, հիմնադրել կուսանոց։
Չափազանց կարևոր ու գնահատելի է Չեխիայի հոգևոր դասի կողմից Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն այս նշխարքի հանձնումը։ Վերջին տարիներին ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում վարկած, որ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է հայկական Ալբանոպոլիս քաղաքում, ինչն հավանական է, որ համապատասխանում է Բաքվին։ Պաշտոնական Բաքուն անշուշտ քաղաքի վրայից հանում է «հայկական» բնորոշումը և նախագահի մակարդակով հրապարակված «գիտական» պարզաբանման մեջ նշում, որ հնում Բաքուն անվանել են Ալբանոպոլիս։ Դեռևս 2019ի նոյեմբերին Ռուսաց պատրիարք Կիրիլը Բաքվում պատարագ է մատուցել իբրև Բարդուղիմիոս առաքյալի նահատակության վայր։
Իսկ Բարդուղեմեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեության քարոզած երկու առաքյալներից մեկն է, որն ըստ ավանդության նահատակվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Աղբակ գավառում, որն Արծրունիների տոհմական տարածքն էր։ Նրա նահատակության վայրն ուխտագնացության վայր է եղել դարեր շարունակ։
Բազմաթիվ սրբապատկերներում նա նկարված է ոչ միայն նահատակության գործիք դանակով, այլ նաև սուրբ Մարիամ Աստվածածնի դիմանկարով, որը հանգրվան էր գտել Հայոց աշխարհում։ Սահակ Արծրունու հարցին պատասխանելով է Մովսես Խորենացին պատմում, թե ինչպես է նրանց տոհմական տարածքում հայտնվել Տիրամոր պատկերը։ Հովհաննես Ավետարանիչը կիպարիս փայտի վրա կերպաձևել էր Մարիամ Աստվածածնի պատկերը, ապա Քրիստոսի աշակերտները խնդրել են Տիրամորը այդ փայտեղեն անոթը դնել իր դեմքին և օրհնել այն։ Այդ պատկերը Բարդուղեմեոս առաքյալն իր հետ է վերցրել ու Հայաստանում քրիստոնեություն քարոզելու ժամանակ Անձևացեաց գավառում, Դարբնաց քար կոչվող վայրում Անահիտ դիցուհու պաշտամունքի վայրում սուրբ Աստվածածին անունով տաճար կառուցել և պատկերը դրել դրա մեջ։ Ըստ ավանդության, Վանա լճից ոչ հեռու, Կասրիկ գյուղի մոտ կառուցված Հոգեաց վանքում էր պահվում Տիրամոր պատկերը մինչև 1915 թ. ցեղասպանությունը։ Վերջին տասնամյակում այն լիովին ավերվել է մերձակայքի գանձ որոնող բնակիչների կողմից։
Ռուսական քարոզչամեքենային լծված ռուս ուղղափառ եկեղեցին անշուշտ դեռևս շարունակելու է Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայր Բաքուն հանրայնացնելով հիմքեր ձևավորելու փորձեր կատարել Արցախի հոգևոր ժառանգությունն աղվանական հայտարարելու Բաքվի ճիգերի համար։ Թող որ Բարդուղիմիոս առաքյալի մասունքի փոխանցումը Սուրբ Էջմիածնին զորացնի Հայ Առաքելական եկեղեցին եւ ծառայելու նոր եռանդ հաղորդի մեր հոգեւորականներին։
orer.eu
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
Պրահա
@orer.eu Հղումը ՕՐԵՐ-ին պարտադիր է։