Բելգրադի երաժշտական փառատոնում հանդես եկան դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը

  • 31.10.2024
  • 0
  • 189 Views

Հոկտեմբերի 24-ին Բելգրադում BEMUS երաժշտական փառատոնի շրջանակներում՝ տեղի ունեցավ Վոյևոդինայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իսկ որպես մենակատար փայլուն կատարումով հանդես եկավ երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։

Ինչպես տեղեկացնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը, համերգը նվիրված էր Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին եւ անցկացվում էր Սերբիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։ Համերգին ներկա էր ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան։

ՀՀ դեսպանի հրավերով՝ համերգին ներկա էին Սերբիայում Ֆրանսիայի և Ռումինիայի դեսպանները, խորհրդարանի անդամ Իվանա Ստամատովիչը, սերբ արվեստագետներ և լրագրողներ, սերբահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 26-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վոյևոդինայի սիմֆոնիկ նվագախումբը և Եվա Գևորգյանը ելույթ ունեցան նաև Նովի Սադում անցկացվող Nomus երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած համերգին, որին ներկա գտնվեց Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի ղեկավար, խորհրդական Հայկ Խեմչյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում