Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը

  • 30.10.2024
  • 0
  • 190 Views

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19։00 Հայաստանի ազգային պատկերասրահում։ Բացման արարողությանը ներկա կգտնվեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։ Հատկանշական է Magnum Photos գործակալության ներկայությունը երևանյան փառատոնին։

Magnum-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Այն լուսանկարիչների կոոպերատիվ է, որն այսօր ունի շուրջ 60 անդամ: Հիմնվելով հումանիստական  արժեքների վրա՝  այն միակ խոշոր ֆոտոգործակալությունն է, որը մշտապես պահել է Հայաստանը իր ուշադրության կենտրոնում։

Փառատոնի շրջանակում ներկայացվելիք «Հայաստանի քրոնիկոնը՝ Magnum-ի ֆոտոխցիկում» ցուցահանդեսը ներկայացնում է Magnum-ի ինը լուսանկարիչների մի խումբ լուսանկարներներ, որոնք վավերագրել են Հայաստանը 20-րդ դարի վերջից մինչև մեր օրերը: Ընտրված լուսանկարներն արվել են Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։

Փառատոնի առանցքային միջոցառումներից է «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչև խորհրդային օկուպացիա» ցուցահանդեսը, որը ներկայացնում է լուսանկարներ Հայաստանից և Վրաստանից և ընդգրկում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև Խորհրդային Միության կողմից երկրների օկուպացիան։  «Երեք գույն՝ կանաչ, կարմիր, կապույտ. Հայաստանն ու Վրաստանը արդյունաբերական հեղափոխությունից մինչև խորհրդային օկուպացիա»-ն ավելի մեծ ցուցահանդեսի մի մասն է, որը տեղի է ունեցել Թբիլիսիի լուսանկարչության և մուլտիմեդիա թանգարանում 2022 թվականին: Ցուցահանդեսը կենտրոնացած է 1850-ականներից մինչև 1920-ական թվականներն ընկած ժամանակահատվածի վրա։

Կարևոր ցուցահանդեսներից է նաև Պատրիկ Բիներտի «Քողարկված լեռան ստվերի տակ»-ը։ Պատկերների հավաքածուն միավորում է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են ամբողջ Հայաստանում: Պատկերները երկխոսություն են բացում դիմանկարների և բնապատկերների միջև՝ ծառայելով որպես տեսողական փոխաբերություններ հավաքական հիշողությունների բեկորների համար: Ցուցահանդեսը կենտրոնանում է նաև Արարատ լեռան վրա՝ որպես հայկական հավաքական ինքնության ազգային խորհրդանիշ։

Կարևոր ցուցահանդեսներից են նաև Շալվա Ալխանաիձեի՝ Խորհրդային վրացական լուսանկարչության ազատ ոգին պատկերող «Դուշեթի ճանապարհին» և «Անձնագրային լուսանկար» շարքերը։ Այս ցուցահանդեսը ներկայացված է Թբիլիսիի ֆոտոփառատոնի կողմից։

Կանցկացվի նաև «Հակոբ Հեքեյանի Երևանը» խորագրով ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան), որը ևս փառատոնի առանցքային ցուցահանդեսներից է։

Հատկանշական է նաև Dienacht Publishing-ի և Nizina նախագծի ներկայությունն անդրանիկ փառատոնին՝ իրենց լույսընծայած ամսագրերով։

Փառատոնի շրջանակում հայտարարվել է նաև մրցույթ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար։ Նրանք պետք է կիսվեն իրենց լուսանկարներով #yipfcontest-ի հետ Instagram-ում, հրապարակեն դրանք և մրցեն Երևանի շենքերի պատերին հայտնվելու հնարավորության համար:  Ժյուրիի կողմից ընտրված մեկ հաղթողի և մեկ հանրային քվեարկության հաղթողի (հիմնված Instagram-ի ներգրավվածության վրա) 20 ընտրված լուսանկարներ կցուցադրվեն և կարխիվացվեն Միրզոյան գրադարանում: Մրցույթը նախատեսված է բացառապես Երևանի ճարտարապետությունը ներկայացնող աշխատանքների համար: Հաղթողը կստանա նաև դրամական պարգև։

Փառատոնի համադրողն է Միրզոյան գրադարանը՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ։ Ընդհանուր առմամբ, այն կընդգրկի 12 ցուցահանդեսներ, 7 նկարիչների զրույցներ և 4 գործնական սեմինարներ, որոնք տեղի կունենան Հայաստանի ազգային պատկերասրահում, Միրզոյան գրադարանում, Վարպետում և այլ տարածքներում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում