Պատանդները՝ ադրբեջանահայկական սարդոստայնում… . Հակոբ Ավետիքյան

  • 30.10.2024
  • 0
  • 80 Views

Քանի մոտենում են COP29-ի համաժողովի օրերը, այդքան հաճախ ենք Բաքվից լսում գերեվարված-առեւանգված արցախահայերի, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական ղեկավարների՝ այսպես կոչված դատավարության ժամկետի հետաձգման մասին հայտարարություններ: Հայտնապես՝ Ալիեւի ռեժիմը չի ցանկանում իր իմեյջի մաքրաջրման համար խիստ կարեւոր համաժողովից առաջ «շուխուր» ստեղծել՝ նրանց դատապարտման շուրջ միջազգային որոշ հարթակներում առկա հետաքրքրության պայմաններում: Դժբախտաբար շատ չեն այդ հարթակները, սակայն կարող են շատանալ եւ առավել ազդեցիկ դառնալ, եթե դատական վճիռները ներկա պահին հրապարակվեն: Իսկ որ դրանք, այդ վճիռները, լինելու են դաժան ու երկարաժամկետ, ոչ ոք չի կարող կասկածել: Անկասկած է նաեւ, որ ադրբեջանցի դատավորների ձեռքի կամ մուրճի տակ արդեն պատրաստի կան պատժական այդ վճիռները, որոնք հարմար պահին, դատական «պատշաճ» գործընթացի պատրանք ստեղծելով, կհրապարակվեն:

Շա՜տ ինքնավստահ է գործում Ալիեւի բռնատիրական ռեժիմը նաեւ այս հարցում: Եթե վերջինիս ինքնավստահության հենասյուներից առաջինը Ռուսաստանի պիղատոսսական կեցվածքն է այս հարցում,- հիշենք Պուտինի եւ այնուհետեւ Զախարովայի հայտարարությունները,- ապա երկրորդը եւ առավել ամուրը պաշտոնական Երեւանի համակարգված անտարբերությունն է նույն հարցում: Տպավորությունն այն է, որ լռելյայն համաձայնություն կա Երեւանի ու Բաքվի միջեւ, Ալիեւի ու Փաշինյանի միջեւ՝ հատկապես Արցախի ղեկավարությանը ադրբեջանական զնդաններում պահելու ուղղությամբ, որքան երկար՝ այդքան լավ: Ասվածի նոր ապացույցը երեկ մեզ տվեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում՝ «օրինական» հռչակելով ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, անշուշտ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ՝ ջարդ, առեւանգում, 14 հազար ՔԿ հայրենի տարածքների զավթում, ողջ ազգաբնակչության բռնագաղթ եւլն:

Ալիեւի խնդիրը պարզ է՝ վրեժը լուծել իր հայրիկի պարտության, այսպես ասած՝ ընտանեկան վրեժխնդրություն, ռեւանշիզմ (բառ՝ որից այնքան սարսափում են ՔՊ-ականները), եւ ձեռքի հետ՝ բռնազավթումը հայկական նորանոր տարածքների, ինչպես նաեւ՝ ՀՀ Սահմանադրությամբ տեւական դարձնելը Արցախի բռնակցման եւ ընդհանրապես հայկական որեւէ իշխանության ենթարկվածությունը իրենից: Պատանդներին մշտնջենապես փակի տակ պահելը, հետեւաբար, հավելյալ երաշխիք է անգլուխ մնացած արցախահայության վերադարձի ձգտումն իր սաղմի մեջ խեղդելու համար:

Պատանդներին փակի տակ պահելու գործում շահագրգիռ կողմ է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը դրա մեջ տեսնում է իր հետագա  գոյությունը: Արցախի պատանդ դարձած ղեկավարները լավագույնս ու մանրամասն գիտեն հաջորդական պարտությունների բուն պատճառները, ներկայիս շարունակվող «կկվի քաղաքականության» ծալքերը ու մանավանդ՝ դերակատարների՛ն: Հետեւաբար պատանդների ազատվելու դեպքում կարող է շուռ գալ ամեն ինչ եւ խառնել բոլորի կարտերը:

Ահա թե ինչու Ն. Փաշինյանն ու նրա համհարզները ծպտուն չեն հանում ի պաշտպանություն պատանդների ազատարձակման, հակառակ այդ ուղղությամբ Լուիս Մորենո Օկամպոյի եւ միջազգային այլ դեմքերի ու կազմակերպությունների կոչերին: Ավելին՝ Ն. Փաշինյանը, սա էլ քանիերորդ անգամ, կասկածի տակ է դնում մեր բռնադատվող ղեկավարների գործունեությունը եւ մանավանդ՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու նպատակը: Կասկածներ՝ որպիսիք նա տարածում է նաեւ մյուսների վրա՝ կոռուպցիոն եւ այլ «մեղքերի» բարդումով:

Տարօրինակն այն է, որ տարբեր շեշտադրումներով նույն քայլին են դիմում ընդդիմադիր ներկայացող որոշ գործիչներ նաեւ, մասնավորապես՝ 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի մասին արտահայտվելիս: Այսպիսով, իշխանություն եւ ընդդիմություն կասկածելի կասկածներով մեղքեր են բարդում ինքնպաշտպանությունից զրկված մարդկանց վրա: Գողական լեզվով ասած՝  «գործ» են տալիս ադրբեջանական անարդարադատությանը՝ ընդդեմ մեր պատանդներին, դրանով իսկ նոր հոդվածներով ավելացնելով նրանց պատժաչափը…
Այսպիսով, մինչ աշխարհի առաջադեմ մարդիկ, հայ թե օտար կազմակերպություններ COP29-ի նախօրեին փորձ են անում արդարության ու մարդասիրության պահանջով ադրբեջանական զնդաններից դուրս բերել մեր պատանդներին, վերջիններս հայտնվել են սարդոստայնում, ադրբեջանահայկակա՛ն սարդոստայնում:

Ամո՛թ մեզ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱԶԳ, Երեւան

Պատանդները՝ ադրբեջանահայկական սարդոստայնում… – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում