Հայաստանի պետական կամերային նվագախումբը և հանրահայտ դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա) սկսել են բացառիկ համերգային շրջագայություն Եվրոպայում՝ հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ինչպես նաև հայ երաժշտարվեստի երախտավոր Կոմիտասին, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին և Ռոբերտ Ամիրխանյանին։ Այս բացառիկ համերգաշարի կազմակերպման գաղափարով հանդես է եկել մաեստրո Սիփան Օլահը՝ Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հատուկ շեշտադրված էր հայկական երաժշտական ժառանգության ազդեցությունը համաշխարհային հարթակում, օտարազգի հանդիսատեսի ջերմ ընդունելությունը․ նշվում էր Շառլ Ազնավուրի 100-ամյակը, Կոմիտասի 155-ամյակը և ժամանակակից կոմպոզիտորներ Մանսուրյանի ու Ամիրխանյանի 85-ամյակները։
Բացառիկ մեկնարկ Հայաստանում
Շրջագայությունը սկսվեց Հայաստանում․ 2024 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը ականատեսը դարձավ հիանալի և շռնդալից մեկնարկին։ Մաեստրո Սիփան Օլահը և Վահագն Վարդանյանը ստեղծել և նորովի ներկայացրել են հանրահայտ գլուխգործոցների նոր մշակումներ՝ յուրօրինակ հարգանքի տուրք մատուցելով մեծագույն երաժիշտներին, որոնք անջնջելի հետք են թողել հայ և համաշխարհային երաժշտության մեջ։ Սոպրանո Հայարփի Եղիկյանը (Միացյալ Թագավորություն) դաշնակահար Սոնա Բարսեղյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը հիանալի ելույթներ ունեցան նվագախմբի հետ՝ արժանանալով հանդիսատեսի հիացական բացականչություններին և անդադար ծափերին։ Համերգին ներկա էին ինը դեսպանատների ներկայացուցիչներ, Կոմիտասի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ և այլ բարձրաստիճան հյուրեր, որոնք ըստ արժանվույն գնահատեցին երեկոյի զգացմունքային հնչեղությունը։
Վենետիկ, Իտալիա- Աննախադեպ՝ պատմության մեջ առաջին անգամ նվագախմբային համերգ Սբ․ Ղազար Կղզու վանքում
Հոկտեմբերի 17-ին Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզու վանքում տեղի ունեցավ Սիփան Օլահի ղեկավարությամբ կամերային նվագախմբի առաջին եվրոպական համերգը։ Սա առաջին նվագախմբային համերգն էր այս խորհրդանշական կղզում՝ պատմական պահ։ Ծրագիրը բացվեց հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններով, որոնց թվում՝ «Շուշիկի» և «Ծիրանի ծառ»՝ հատուկ զգացականություն հաղորդելով հանդիսությանը։ Ջութակահար Աստղիկ Վարդանյանի «Կռունկ» մենանվագը և Կոմիտասի «Հայրապետական մաղթանքը» տրամաբանական շարունակությունը դարձան արդեն իսկ ձևավորված հուզական մթնոլորտի։ Երեկոն շարունակվեց աշխարհահռչակ Շանսոնյեի հանրահայտ երգերի «Ազնավուր դասականներ» հիանալի պոպուրիով, ինչպես նաև «Ave Maria», «Que c’est triste Venise» և «Pour toi Arménie» ստեղծագործությունները հնչեցին սոպրանո Հայարփի Եղիկյանի և տենոր Օլահի յուրօրինակ մեկնաբանությամբ։
Համերգ Լոնդոնում՝ 24 Տարվա Դադարից Հետո
Հոկտեմբերի 20-ին նվագախումբը վերադարձավ Մեծ Բրիտանիա՝ ավելի քան երկու տասնամյակ դադարից հետո, կատարելով համերգ Լոնդոնի սրտում՝ Վեսթմինսթերում՝ Սմիթ Սքվեր սրահում։ Համերգը կազմակերպվեց Քլինգեն Երգչախմբի և Մշակութային Ասոցիացիայի հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո։ Ներկա էին Միացյալ Թագավորության բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, լորդեր և Քենսինգթոնի փոխքաղաքապետ Դորի Շմետերլինգը, ինչպես նաև վեց դեսպան և ավելի քան 450 երաժշտասեր հանդիսատես։
Հնչեցին Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունների դասական մշակումները, այդ թվում «She» և «Emmenez moi»-ն, որ ներկայացրեցին տենոր Սիփան Օլահը, սոպրանո Հայարփի Եղիկյանը և Քլինգեն երգչախմբը։ Հանդիսատեսը վայելեց նաև Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի կինոերաժշտությունը, դաշնակահար Սոնա Բարսեղյանի և ջութակահար Աստղիկ Վարդանյանի մենանվագները, ինչպես նաև հոբոյահար Ջեք Հակոբ Մուրադյանի (Մ․Թ․) և սոպրանո Նարինե Մալխասյանի (Մ․Թ․)՝ ելույթները։ Երեկոն եզրափակվեց «Ազնավուր դասականներ» շարքով՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին՝ անջնջելի տպավորություն թողնելով հանդիսատեսի վրա։
Քարդիֆ, Ուելս- Առաջին Նվագախմբային Համերգ՝ Ուելս-Հայկական Համագործակցությամբ
Հաջորդ օրը, հոկտեմբերի 21-ին նվագախումբը հանդես եկավ Քարդիֆում՝ Ուելսի Հայկական համայնքի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Սա նվագախմբի առաջին ելույթն էր Քարդիֆում։ Համերգին երկա էին քաղաքապետի տեղակալ Հելեն Լլոյդ Ջոնսը և Ուելսի խորհրդարանի վեց անդամներ։ Ուելսում «Ազնավուր դասականներ» շարքի պրեմիերայի շրջանակներում հնչեցին սոպրանո Հայարփի Եղիկյանի և տենոր Սիփան Օլահի տպավորիչ ելույթները։ Առանձնահատուկ էին «She» և «Pour toi, Arménie» երգերը, հուզիչ ջութակի մենանվագը Կոմիտասի «Կռունկ»-ում՝ Աստղիկ Վարդանյանի կողմից, տպավորիչ մենանվագ կինոերաժշտություն, որը կատարեցին դաշնակահար Սոնա Բարսեղյանը և Ջեք Հակոբ Մուրադյանը (Մ․Թ․)՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Երեկոյի շրջանակներում ներկայացվեց Կոմիտասին նվիրված ցուցահանդես՝ ուելսահայ նկարիչ Մարիամ Թորոսյանի կողմից։
Բրյուսել, Բելգիա – համերգ միջնադարյան Կամբրի Աբբայությունում
Հոկտեմբերի 23-ին, նվագախումբը հանդես եկավ իր առաջին համերգով Բրյուսելում՝ միջնադարյան Կամբրի Աբբայությունում։ Համերգը կազմակերպվել էր Բելգիայի Հայկական մշակութային կենտրոն «Հայ Տան» կողմից՝ նվիրված Ազնավուրի, Կոմիտասի, Ամիրխանյանի և Մանսուրյանի ծննդյան հոբելյաններին։ Կոմիտասի մասին կարճ վավերագրական ֆիլմից հետո երեկոն շարունակվեց «Ազնավուր դասականներ» շարքով, ինչպես նաև Ազնավուրի «Une vie d’amour» և «La Bohème» հայտնի ստեղծագործություններով՝ սոպրանո Հայարփի Եղիկյանի և տենոր Սիփան Օլահի կատարմամբ։
Ջութակահար Աստղիկ Վարդանյանը կատարեց Մանսուրյանի կինոերաժշտությունը, և դաշնակահար Սոնա Բարսեղյանը՝ Ամիրխանյանի «Գարնանային կաթիլներ» ստեղծագործությունը։ Նվագախմբի «Երազի իմ երկիր հայրենի» ստեղծագործության եզրափակիչ համատեղ ելույթը մենակատարների հետ անկրկնելի հետք թողեց ավելի քան 300 հանդիսականների վրա։
Քյոլն, Գերմանիա՝ – Գալա Համերգ
Շրջագայության հաջորդ կանգառը հոկտեմբերի 24-ին Քյոլնում էր․ երեկոն կազմակերպվել էր Գերմանիայում Հայ առաքելական թեմի կողմից Սուրբ Ագնես եկեղեցում։ Ծրագիրը բացվեց Կոմիտասի անմահ գործերով, որտեղ սոպրանո Տաթևիկ Աշուրյանը (Գերմանիա) և ջութակահար Աստղիկ Վարդանյանը հանդես եկան հուզիչ ելույթներով։ Սոպրանո Անուշ Նազարյանը (Գերմանիա) կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի «Արևոտ անձրև» ռոմանսը։ Այս հատուկ երեկոն ներառում էր նաև «Ազնավուր դասականներ» շարքը, որն առաջին անգամ հնչեց Քյոլնում, ինչպես նաև Շառլ Ազնավուրի հայտնի երգերը, որոնք ներկայացվեցին տենոր Սիփան Օլահի և սոպրանո Հայարփի Եղիկյանի կողմից։ Դաշնակահար Սոնա Բարսեղյանի վիրտուոզ կատարումը Ռոբերտ Ամիրխանյանի «Տղամարդիկ» ֆիլմի կինոերաժշտությունից, ինչպես նաև Քյոլնի Կոմիտաս երգչախմբի տպավորիչ ելույթը «Երազի իմ երկիր հայրենի» երգով, դեռ երկար կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։ Համերգն ավարտվեց «Pour toi Arménie» երգով, որը կատարեցին երեք սոպրանո՝ Հայարփի Եղիկյանը, Տաթևիկ Աշուրյանը և Անուշ Նազարյանը, Քյոլնի Կոմիտաս երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։ Հանդիսատեսի երկարատև ոտնկայս ծափահարությունները հաստատեցին երեկոյի հաջողությունը։
Այս համերգային շրջագայությունը միավորել է հայկական երաժշտությունը, այն կրող և կատարող երաժիշտներին, համայնքային խորհուրդներին, դեսպանատներին, հայոց եկեղեցուն և եվրոպացի հանդիսատեսին։ Վենետիկից մինչև Լոնդոն, Քարդիֆ, Բրյուսել և Քյոլն՝ մաեստրո Սիփան Օլահը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը ըստ արժանվույն ներկայացրել են հայկական երաժշտարվեստի ոգին ու ժառանգությունը համաշխարհային բեմերում՝ լայն սպեկտրով՝ հաստատելով այդ գործի հույժ կարևորությունը։
orer.eu