Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտում տեղի ունեցավ Հունգարիայի Հայ ինքնավարության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ժապավենը կտրեցին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի կառավարության պետական նախարար Միկլոշ Շոլտեսը և Հայ ազգային ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը։
Ողջույնի խոսքերով հանդես եկան պետական նախարար Շոլտեսը, ով կարևորեց Հունգարիայի հայության դերը Հունգարիայի կյանքում։ Հունգարիայում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ համայնքի կամրջող դերին ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում, իսկ Հայ ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը շնորհակալություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը Հայ ինքնավարությանը նոր գրասենյակի տրամադրման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը Հունգարիայի Ազգային ժողովի Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանին պարգևատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով և կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաև Ն․Հակոբյանի ավանդն այդ հարցում։
Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտի «Հունգարիայի երաժշտության տուն» համերգասրահում Հունգարիայում ՀՀ դեսպանությունը Հունգարիայի Հայ ինքնավարության աջակցությամբ կազմակերպել էր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Հունգարիայի Ազգային ժողովի առաջին փոխխոսնակ Մարթա Մատրային, Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հունգարիայի խորհրդարանականներ, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի, ինչպես նաև այլ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ներկաներին շնորհավորական ուղերձ հղեց Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ անդրադառնալով Հայաստան-Հունգարիա հարաբերություններին և հայ ու հունգար ժողովուրդների պատմական առնչություններին: ՀՀ դեսպանն իր խոսքում առանձնակի անդրադարձավ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին և իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներին, մենակատարներ Գոռ Սուջյանին և Ինգա Արշակյանին իրենց կատարողական բարձր արվեստի համար։
orer.eu