ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ. մրցանակներ են ստացել նաեւ այլ հայ շախմատիստներ

  • 21.09.2024
  • 0
  • 1298 Views

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այս մասին հայտարարվել է ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ` Բուդապեշտի Ինտերնացիոնալ հյուրանոցում։ Հիշեցնենք, որ այս օրերին Բուդապեշտում է ընթանում Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան։

ՖԻԴԵ-ի որոշման մեջ մասնավորապես ասված է՝ ««Մեկ մարտիկը լավն է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես շրջել աշխարհը»: Թեև ԽՍՀՄ-ի թիմը կլիներ անպարտելի առաջատարը թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կատեգորիաներում՝ ըստ օլիմպիադայի մեդալների քանակի, բայց ժյուրին որոշեց ընտրել ներկայումս գոյություն ունեցող երկիր: Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ հաղթելով երեք անգամ, իսկ Չինաստանը վերջին տասը տարում երկու ոսկե մեդալ է նվաճել»։

Դարի լավագույն կանացի թիմ է հռչակվել Վրաստանի հավաքականը։ Լավագույն տղամարդ շախմատիստ է ճանաչվել Մագնուս Կարլսենը, իսկ կին շախմատիստ՝ Յուդիթ Պոլգարը։ Այլ անվանակարգերում նունյպես շնորհվել են մրցանակներ։ ՖԻԴԵ-ն մրցանակներ է շնորհել նաեւ Սբատ Լպուտյանին եւ Աշոտ Վարդապետյանին։ Հայաստանի մրցանակները ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ պարգևատրվել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի կողմից հատուկ մեդալով՝ իր կարիերայի ընթացքում շախմատի զարգացման մեջ նշանակալի ներդրման համար:

ՖԻԴԵ-ի կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սմբատ Լպուտյանը երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատը կրթության մեջ ծրագրի տարածմանը ամբողջ աշխարհում։ Նրա ղեկավարությամբ շախմատը ներդրվեց հայկական դպրոցներում որպես հիմնական առարկա, և ներկայումս ավելի քան 25 միլիոն երեխա մասնակից է այս ծրագրին»:

ՖԻԴԵ-ի կողմից Պարոն Լպուտյանին շնորհված այս բարձր գնահատականը լիովին արտացոլում է նրա տարիների նվիրական աշխատանքը:

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը արժանացել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակին՝ տարիների ընթացքում շախմատի ասպարեզում կատարած նվիրական աշխատանքի, ինչպես նաև շախմատի զարգացմանը նպաստող կարևոր գործի համար։

Պարգևատրումն իրականացրել է աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը՝ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի շրջանակներում։

Շնորհավորում ենք Պարոն Վարդապետյանին՝ մաղթելով հաջողություններ հետագա նախաձեռնություններում:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Պարոն Լպուտյանին, ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում շախմատի զարգացման մեջ իր անգնահատելի ներդրման համար: Պարոն Լպուտյանի առաջնորդությամբ շախմատը դարձավ կրթության կարևոր բաղկացուցիչ մաս: Նրա տարիների նվիրումը և անձնական ջանքերը ոչ միայն հարստացրել են շախմատի պատմությունը, այլև ստեղծել են նոր հնարավորություններ սերունդների համար: ասված է Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Շնորհավորում ենք Հայաստանի բոլոր շախմատիստներին և մաղթում ենք նորանոր հաջողություններ ։

Լուսանկարները՝ Michal Walusza , Maria Emelianova

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում