![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit.jpg)
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում Պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող բրոնզե արձանի բնօրինակ հատվածները` գլուխը և ձեռքը։ Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ասելով, առաջին անգամ է Բրիտանական թանգարանի նման ցուցանմուշ ներկայացվում Հայաստանում։ Հայկական կողմը բավարարել է բրիտանացիների բոլոր պահանջները, որոնք կապված էին ցուցանմուշի տեղափոխության ու պահպանման անվտանգության հետ։ Արձանի տեղադրումն իրականացրել է Լոնդոնից ժամանած հատուկ մասնագետը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը աննախադեպ համարեց նոր ձեւաչափով կազմակերպվող այս ցուցադրությունը, որը իրականություն դարձավ բավականին կարճ ժամանակաընթացքում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից եւս ներկայացվում են 60-ից ավելի արժեքավոր ցուցանմուշներ, որոնք ընդգրկում են նեոլիթյան շրջանից մինչեւ 20րդ դարը, այդ թվում՝ 1997 թվականին Հայաստանի Հանրապետությունում թողարկված Անահիտ Աստվածուհու ոսկե մետաղադրամը՝ 25 հազար դրամ արժողությամբ։
Այստեղ են ցուցադրված տարբեր ժամանակներում հայտնաբերված կաթսաներ, մետաղադրամներ, 6-7 րդ դարի խոյակներ, աղամաններ, մատանի-կնիքներ, ավետարանի կազմեր, եկեղեցական հանդերձանք եւ այլ արժեքավոր ցուցանմուշներ։
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-1-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-koghits-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-palakat-223-768x1024.jpg)
Պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ արձանի բրոնզե գլուխը 1870-ական թվականներին Հայաստանում հայնաբերել է մի գյուղացի եւ տարել Կ.Պոլիս, ուր վաճառել է, այնուհետեւ ձեռքից ձեռք է անցել եւ այն հայտնվել է Իտալիայում՝ Կաստելանի անունով մի հավաքորդի մոտ։ Վերջինս էլ աճուրդի է հանել եւ Բրիտանական թանգարանը շատ մեծ գին վճարելով, գնել է արձանի գլուխը։ Բրիտանական թանգարանում արձանը ցուցադրվում է Հունա-Հռոմեական բաժնում, հետեւյալ մակագրությամբ՝ Անահիտ՝ Աֆրոդիտեի կերպարով, Սատաղից (Թուրքիա, Փոքր Հայք)։
Սա վկայում է, որ հայերը դեռ վաղ ժամանակներում գնահատել են բարձր արվեստը, իսկ արձանի գլխի Երեւան բերելը վկայում է, որ միջազգային հանրությունը ընդունում է նրա կապը պատմական Հայաստանի հետ։
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-3.jpg)
Մայր Աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռ քարի դարից եւ անցել փոփոխությունների տեւաըկան ընթացք։ Այն ներկայացվում էր որպես տոհմի շարունակականության խորհրդանիշ։ Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ Աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում նաեւ ռազմի աստվածուհին էր եւ համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր , Մեծ տիկին եւ այլն։ Հայաստանում Անահիտի պաշտամունքը տարածվել է առնվազն Ք.Ա 4-րդ դարում, երբ արդեն այն տարածում էր ստացել Փոքր Ասիայում եւ Սիրիայում։ Անահիտը համեմատվում էր Արտեմիսի, Նանեի, Աֆրոդիտեի, Աթենասի եւ այլոց հետ։ Իսկ արդեն Ք.ա. 1-ին դարից Փոքր Ասիայից եւ այլ երկրներից Հայաստան բերվեցին եւ տաճարներում տեղադրվեցին հունական աստվածությունների արձանները։
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-davit-poghosian-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-armine-zohrabyan-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-palakat-768x1024.jpg)
Հայտնի է նաեւ, որ Ղեւոնդ Ալիշանը տեղյակ է եղել այս արձանի ձեռք բերմանը եւ այդ մասին ժամանակին գրել է։
Դեռեւես 1883 թվականին Մխիթարյան միաբանության «Բազմավեպ» հանդեսը հրապարակել է, որ Հայաստանում գտնվել է «Պղնձէ գլուխ մը» որը գեղարվեստը գնահատողներին մեծ հետաքրքրություն, զարմանք եւ հիացում է պատճառել, «եւ գրեթէ ոսկւոյ կշռով գնուած» է անգլիացիների կողմից Բրիտանական թանգարանում ցուցադրելու համար։ Հանդեսում նշվում է նաեւ, որ հայերը չեն զարմանում դրանից, քանի որ մեր պատմիչները Խորենացին, Ագաթանգեղոսը անդրադարձել են նման արժեքներին, ինչն անժխտելի վավերականություն է հաղորդում 4-5-րդ դարի հայ պատմիչների թողած գրավոր ժառանգությանը։
Առաջին անգամ հրապարակելով Անահիտի արձանի գտածոների նկարները, հստակորեն նշվում է, որ դրանք գտնվել են Հայաստանում՝ «Երեւանէն քիչ հեռու, Տրապիզոնի հարաւային կողմը, ըստ ոչ բոլորովին վստահելի վկայութեան այն անձին՝ որ յԵւրոպա բերած է այս երկու կտորներս»։
Այդ հոդվածում նշվում է նաեւ, որ արձանի գլուխը ավաղ վնասված է՝ «ամբողջ յետակողմը կը պակսի, եւ գագաթն ալ Ճեղքուած եւ դէպ ի ներս գացած է… »։
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-6777-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-6666-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-555-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-99-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-66-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-8-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-7-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-6-768x1024.jpg)
![](https://orer.eu/wp-content/uploads/2024/09/anahit-tsutsanmushner-4-768x1024.jpg)
Տնօրեն Դավիթ Պողոսյանն իր շնորհակալանքի խոսքն ուղղեց այս նախագծի բոլոր աջակիցներին, նախեւառաջ Բրիտանական թանգարանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Լոնդոնում Հայաստանի դեսպանությանն ու Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, Հայաստանի կառավարությանը, որ ամեն կերպ նպաստեցին արձանի փոխադրմանը, ինչպես նաեւ թանգարանի ողջ անձնակազմին ու գլխավոր հովանավոր «Կերոն» զարգացման հիմնադրամին։
Պետք է նշել, որ ցուցադրությունը ներկայացված է ամենաբարձր եվրոպական չափանիշներով, թե՛ ցուցանմուշների լուսավորությունը, թե՛ կից հարթակների վրա ներկայացված բացատրական հայերեն եւ անգլերեն տեքստերը, ամբողջացնում են ցուցահանդեսի մասին լիարժեք տեղեկատվությունը։
Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2025 թվականի մարտ ամիս։ Ցուցահանդեսի մուտքի գինը 5000 դրամ է։ Ցուցահանդեսի առիթով տպագրվել է նաեւ գիրք, որի արժեքը դեռեւս ճշգրտված չէ։ Տպարանից ստացվել են միայն ազդօրինակները։
Հակոբ Ասատրյան, Աննա Կարապետյան
Երեւան