Կայացավ «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եզրափակիչ դասախոսաշարը

  • 14.09.2024
  • 0
  • 215 Views

«WiRED International-Armenia» առողջապահական միջազգային կազմակերպության և  

«Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական ՀԿ-ի համագործակցությամբ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում սեպտեմբերի 11-ին կազմակերպվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական.WiRED» 5-րդ՝ եզրափակիչ դասախոսաշարը:

«Օրրան» ԲՀԿ-ի Վանաձոր կենտրոնում կայացած դասախոսաշարին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքային առողջապահական, սոցիալական ոլորտի աշխատակիցներ, Գուգարաց թեմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վանաձորում հաստատված արցախցիներ և ուրիշներ:

Դասախոսաշարը մեկնարկեց Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Ավագ քահանա Ազարյանի օրհնության խոսքով:

Բացման խոսքում «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ավստրիահայ հասարակական գործիչ Սեպուհ Բաղդոյանը շնորհակալություն հայտնեց «Միասին» ՀԿ-ին, «Օրրան» ԲՀԿ-ին համագործակցության, «Կանակա» շինարարական ընկերությանը և բոլոր նվիրատուներին՝ ծրագրի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար:

«Միասին» ՀԿ-ի նախագահ, «Առողջությունը՝ բարեկեցության գրավական.WiRED» դասախոսաշարի ծրագրի ղեկավար Գևորգ Չիչյանն ընդգծեց այսպիսի նախաձեռնությունների կարևորությունը և շնորհակալություն հայտնեց Սեպուհ Բաղդոյանին համայնքային առողջապահական 5 դասախոսաշարերի իրականացումը «Միասին» ՀԿ-ին վստահելու համար:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը:

Մասնագետներ՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ, գինեկոլոգ-օրդինատոր Նարինե Բաղդոյանը, ընտանեկան ստոմատոլոգ, բժիշկ-օրդինատոր Սևակ Պապոյանը, սրտաբան, հանրային առողջության մասնագետ Վահե Հարությունյանը դասախոսաշարի մասնակիցներին ներկայացրեցին «WiRED»-ի՝ Հայաստանում առավել տարածված հիվանդությունների 7 առողջապահական-կրթական մոդուլները՝ Քաղցկեղի ներածություն, Երևանյան հիվանդություն, Կնոջ վերարտադրողական համակարգի կարգավորումը, Արյան բարձր ճնշում (Հիպերտոնիա), Շաքարախտ, Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ, Վահանագեղձի հիվանդություններ: Հոգեբան Նունե Ոսկանյանը բանախոսեց «Հոգեբանություն և դեպրեսիա» թեմայի շուրջ:

Վերջում մասնակիցները և մասնագետները ստացան հավաստագրեր, շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին, «Օրրան» ԲՀԿ-ին, «Կանակա» ԲԲԸ-ին:  Գևորգ Չիչյանը շնորհակալագիր հանձնեց Սեպուհ Բաղդոյանին՝ արդյունավետ համագործակցության և բարեխիղճ աշխատանքի համար:

Համայնքային դասախոսաշարերն ուղղված էին բնակչության շրջանում ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրային առողջության ամրապնդմանը, հասարակության առողջ ապրելակերպին և առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն, համայնքային առողջապահական խմբերի ձևավորմանը:

Հիշյալ դասախոսաշարերն իրականացվել են 2023 թվականին Էջմիածնում, 2024 թվականին Գյումրիում, Սևան համայնքի Չկալովկա գյուղում, Սիսիանում։

Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել են շուրջ 200 թիրախային խմբերի ներկայացուցիչներ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում