Վալետա, Մալթա – Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանի բացման համերգը ղեկավարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Սեպտեմբերի 6-ի համերգին հնչեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, ինչպես նաև Յոհաննես Բրամսի՝ «Հովվերգական» անվանումով հայտնի 2-րդ սիմֆոնիան։
Վալետայի նախագահական պատմական պալատի Նեպտունի այգում կայացած համերգով նշանավորվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համատեղ համերգային գործունեության նոր փուլը։
ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Որպես դասական երաժշտության ժողովրդականացման ակտիվ ջատագով՝ դիրիժորը ծավալում է հագեցած միջազգային գործունեություն, ինչպես նաև մեծ կարևորություն է տալիս դասական երաժշտության լսարանի երիտասարդացմանը և համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության հանրաճանաչմանը։
Դիրիժորը մի շարք ամենամյա երաժշտական փառատոների, ինչպես նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է: Նրա նախաձեռնությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացնում է կրթամշակութային ծրագրեր՝ ուղղված երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը։ Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը (M4FF) 2019 թվականից աջակցում է պատանի երաժիշտների մասնագիտական առաջընթացին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարկետինգի և հաղորդակցության թիմ



