Այսօր լրանում մեր ժամանակների ականավոր հրապարակախոս, գրականգետ, թարգմանիչ, գրող Ալեքսանդր Թոփչյանի 85 ամյակը։
Այդ առթիվ ներկայացնում ենք անվանի գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի հիշատակի խոսքը.
«Երկու տարի առաջ, Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրով, հրաժեշտ տվեցինք Ալեքսանդր Թոփչյանին: Այո, այդպիսի շրջանակ գծեց ճակատագիրը: Իր կորստի համար ցավ ապրելու և ծանրակշիռ վաստակն ու մշակութային ծառայությունը արժևորելու շրջանակ:
Չէ, նա կիսատ չապրեց: Նկատի չունեմ տարիների քանակը, թեպետ ո՞վ չէր ցանկանա, որ դեռ երկար ուրախացներ մեզ` իր ներկայությամբ: Ես խոսում եմ անձի լիակատար ինքնադրսևորման մասին: Ստեղծագործակա՛ն ինքնադրսևորում, որը հարստացնում է նաև մեզ: Այն ինչ գրեց ու թարգմանեց նա, մեկ մարդու գործից ավելին է:
Ու երբեք չդարձավ … հին: Իր կենսագրության ամենասկզբից՝ վաթսունականների ՛՛Գարուն՛՛ ամսագրից, որտեղ որ ի հայտ գար նոր միտք, նոր տեսողություն կամ որոնումներ, այնտեղ էլ՝ Ալ. Թոփչյան: Գրական մի ամբողջ սերնդի աջակից , իսկ անհրաժեշտ պահին՝ այդ սերնդի համար կռիվ տվող: Եվ ընդհուպ մինչև մեր օրերը նրա գրիչն ու խոսքը մնացին արդիական:
Այն, ինչ թարգմանում էր նա, մեզ՝ աշխարհով հարստացնելու համար էր: Բայց մեկ ուրիշ մղում էլ ուներ. մեզ … մեզնով հարստացնելու մղումը: Ինքը հայկական գրամշակոււյթի լրիվությունն էր փափագում: Եվ երբ դեռ 1966 կամ 67 թվականին կազմեց ու ընթերցողների սեղանին դրեց Շուշանյանի հատորյակը՝ ՛՛Երկիր հիշատակաց՛՛, հենց այդ նպատակն էր հետապնդում. Օգտվել ՛՛մթնոլորտային փոփոխություններից՛՛, բացել վարագույրը և բերել գաղափարա – քաղաքական խտրականությունների պատճառով օտարված հեղինակներին:
Այդ հատորը գեղարվեստական հայտնություն էր մեզ համար: Ու դրան հաջորդեցին այլ հեղինակների հրատարակություններ: Իսկ իր համարձակ ՛՛ներխուժումը՛՛ վիպասանության ու թատերագրության ասպարե՞զ:
Երանի այն օրերին, երբ միասին աշխատում էինք ՛՛Հայֆիլմում՛՛: Երբ ճամփա էինք գնում միասին: Երբ դու, Անահիտը և ես,
Նորապսակների ձեր մեկսենյականոց բնակարանում, բուլղարական ՛՛Գամզա՛՛ գինի կում – կում խմելով՝ լսում էինք մի ֆրանսիական ձայնասկավառակ. – Ալֆրեդ դը Մյուսսե, ՛՛Պոետն ու Մուսան՛՛: Չափածո երկխոսություն, Ժերար Ֆիլիպի և Մարի Կազարեսի ընթերցմամբ …»։
orer.eu