Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմի հայկական լուսանկարչությունը 19-րդ եւ 20-րդ դարերում

  • 03.09.2024
  • 0
  • 239 Views

Պատկեր 1: Պատրիարք Եսայի Կարապետյան, c. 1873. Լուսանկարիչ՝ Charles Bierstadt. Աղբյուր. Project Save Photograph Archive, Բոստոն։

Բուդապեշտի Պազմանի Պետեր Կաթոլիկ Համալսարանի Հայագիտական բաժինը Հունգարիայի Գեղարվեստի Համալսարանի հետ համագործակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպում է Երուսաղեմի հայկական լուսանկարչությանը նվիրված ցուցահանդես և գիտաժողով։

Պաղեստինում հայերի ներկայությունը կապվում է դեռևս չորրորդ դարում հայերի կողմից քրիստոնեության ընդունման և սուրբ վայրերի հայտնաբերումից հետո հայ ուխտավորների մուտքի հետ։ Դարերի ընթացքում հայերի թիվը զգալիորեն ավելանում է՝ սկզբնավորելով Սուրբ քաղաքի չորս թաղամասերից մեկի՝ Հայկական թաղամասի կազմավորումը։ 14-րդ դարի առաջին տասնամյակում ձևավորվում է Հայոց պատրիարքությունը։ Հետագա դարերում աշխարհիկ բնակչությունն իր մշակութային և քաղաքական կազմակերպություններով վկայում են Երուսաղեմի հայերի բազմադարյա ու բազմաշերտ սփյուռքյան գոյության մասին։ Հայոց պատրիարք Եսայի Կարապետյան Թալասցին՝ ով 1860-ականներին լուսանկարչական տեղական առաջին  փորձերն է անում, դնում է Սուրբ քաղաքում լուսանկարչության շարունակականության հիմքերը։ Նրա աշակերտ Կարապետ Գրիգորյանը հիմնում է Երուսաղեմի առաջին  լուսանկարչատներից մեկը՝ իր հերթին դառնալով առաջին արաբ լուսանկարչի՝ Խալիլ Ռաադի ուսուցիչը։

Հայացք դեպի հավերժություն․ Երուսաղեմի հայկական լուսանկարչությունը 19- եւ 20-րդ դարերում ցուցադրությունը ներկայացնում է սրբության գաղափարը բնանկարների, քաղաքային միջավայրի, պատրիարքների դիմնակարների և աշխարհիկ կյանքը պատկերող լուսանկարների միջոցով՝ ասպիսով միավորելով հոգևորն ու աշխարհիկը Երուսաղեմի հայ սփյուռքի համատեքստում։ 

Ցուցադրվող լուսանկարները ձեռք են բերվել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Project Save Photograph Archive արխիվի, Փարիզի ՀԲԸՄ Նուբարյան գրադարանի, Վաշինգթոնի Library of Congress-ի, Գալուստ Կիւլպենկիան Հիմնարկութեան  արխիվներից։

Ցուցահանդեսի  բացման հաջորդ օրը տեղի կունենա մեկօրյա գիտաժողով Հունգարիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Քաթարի և Հունաստանի անվանի գիտնականների մասնակցությամբ։ Հետագայում կտպագրվի նաև կատալոգ գիտաժողովի մասնակիցների հոդվածներով Կարէն Ջալլաթեանի խմբագրությամբ։

Ցուցահանդեսի համադրող Դիանա Ղազարյանը՝ ով Պազմանի Պետեր Համալսարանի Հայագիտական բաժնի ասպիրանտուրայի ուսանող է, նշում է, որ այս միջոցառումը ոչ միայն հիանալի հնարավորություն է Երուսաղեմի հայկական սփյուռքի արվեստը ներկայացնելու Եվրոպայի կարևոր մայրաքաղաքներից մեկում, այլ նաև նշանակալից քայլ հայ-հունգարական փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում։

Ցուցահանդեսը, գիտաժողովը և խմբագրված հատորը հնարավոր են դարձել Բալինտ Կովաչի կազմակերպչական անփոխարինելի ներդրման շնորհիվ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության, Լիսաբոն, Լայպցիգում Լայբնիցի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO), Պազմանի Պետեր Կաթոլիկ Համալսարանի առատաձեռն աջակցությամբ։

Ինչպես վերը նշվեց, ցուցահանդեսը կազմակերպվում է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը Հունգարիայի Գեղարվեստի Համալսարանի լուսավոր «Աուլա» սրահում՝ Բուդապեշտ, Անդրաշի փողոց 69-71 հասցեով: Թեև սեպտեմբերի 20-ին բացման արարողության մասնակցությունը հրավիրատոմսով է, մեկօրյա գիտաժողովի և ցուցադրության մուտքն անվճար է: Սեպտեմբերի 30-ին ցուցահանդեսի համադրողի կողմից կանցկացվի անգլերեն լեզվով էքսկուրսիա, որը բաց կլինի հանրության համար:

Հետագա տեղեկության համար կարող եք դիմել համադրող Դիանա Ղազարյանին, armenian.studies@btk.ppke.hu էլեկտրոնային հասցեով։

Պատկեր 2: Կարապետ Գրիգորյանի լուսանկարչատան վաճառանիշ, c. 1900. Աղբյուր. Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան (lusarvest.org)։

Պատկեր 3: Արարատյան որբանոց, Չամթաղ, ներկայիս Էդվարդ եւ Հելեն Մարտիկյան Հայկական Արվեստի եւ Մշակույթի Թանգարանի ներքին բակը, որբանոցի ատենապետ Լեւոն Ասատուրի (աջ) եւ կղերականի (ձախ) հետ։ Անհայտ լուսանկարիչ, 1922։ Աղբյուր. Նուբարյան Գրադարանի արխիվ, Փարիզ։

Պատկեր 4: Երուսաղեմի Սուրբ Յակոբ Մայր Տաճարի խորան, քահանայի ներկայությամբ, c.1930։ Լուսանկարիչ՝ Խաչատուրյան։ Աղբյուր. Project Save Photograph Archive, Բոստոն։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում