Վահան Կոստանյանը Պրահայում մասնակցել է «GLOBSEC» համաժողովի «Հայաստան և ԵՄ. առաջնահերթություններ, գործընկերություններ և առաջընթացի ուղիներ» պանելային քննարկմանը

  • 02.09.2024
  • 0
  • 96 Views

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Հայաստան և ԵՄ. առաջնահերթություններ, գործընկերություններ և առաջընթացի ուղիներ» («Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» ) պանելային քննարկմանը։ Պաշտոնական հաղորդագրություններում որեւէ տեղ չի նշվում, որ Հայաստանի պաշտոնյան խոսե՞լ է արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների եւ Բաքվում պահվող գերիների մասին։ Մինչդեռ եթե Ադրբեջանը լիներ, ապա անպայման, անկախ քննարկվող թեմայից, կթմբկահարեր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի եւ իր փախստականների մասին։

Ինչեւէ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հարապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը:

ԵՄ հետ համագործակցության համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։

ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

Նախօրեին փոխարտգործնախարարը հանդիպումներ է ունեցել «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-նորվեգական քաղաքական երկխոսությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը և այդ նպատակով հստակ ծրագրերի իրականացմանը։

Վահան Կոստանյանը Էյվին Վադ Պետերսոնին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին։

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Թոմաս Բագերի հետ։

Վահան Կոստանյանը Թոմաս Բագերին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարեկեցության ապահովման համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության հետագա ամրապնդման շուրջ։

Օգոստոսի 31-ին Վահան Կոստանյանը հանդիպել է նաեւ Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յան Մարիանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու Չեխիայի բազմաոլորտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են բարձր և բարձրաստիճան մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա խորացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների թիրախային նախաձեռնություններով և ծրագրերով հարստացմանը։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական ամրապնդումը։ Այս համատեքստում հայկական կողմը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին շարունակական աջակցության համար։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը առնչվող խնդիրներին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում