Փառաբանե՛նք այս օրը

  • 02.09.2024
  • 0
  • 215 Views

Ավանդույթին այսքան հավատարիմ ու մոդեռնին այսքան կառչած, աշխարհին այսքան հասկանալի ու մեր թարգման, մեզ իր կերպարներով երեւակայական աշխարհներ տանող, իսկ ինքն անդավաճան՝ հայրենի հողին, ժայռին կպած, Տո՛ւն վերադարձած…

Նրա ձեռքերը միշտ բաց են, ժպիտն իրական է, միտքը բառեր չի որոնում, ձայնը դեռ անցյալ դարի 60-ականներին Անդրեյ Բիտովին ստիպել է ուշադրություն դարձնել…աշխարհն ավելի ուշ՝ անցյալ դարավերջին, 21-ի սկզբից ի վեր ուշադրության սեւեռակետում է պահել այդ Ձայնը, նաեւ՝ անուն-ազգանունը, որ Հասմիկ Պապյան՝ Հայաստանից անբաժան հասցե է դարձել:

Ես տեսել եմ, թե ինչպես է դահլիճը լուռ ոտքի կանգնում, երբ նա երգում է «Հայաստա՛ն, երկիր դրախտավայր»ը, երբ լուսեղեն պսակ է հյուսում իր աչքերով նաեւ…

Մեր արցունքոտ աշխարհում, պատերազմից, սիրելի մարդկանց նոսրացող շարքերից, անորոշությունից կուչ եկած քարտեզին դեմ հանդիման, եթե ոգու դիմակայություն չլինի, եթե արդարության հաղթանակի հույսը լքի մեզ, կկործանվենք…մի երազ աշխարհ, մի դրախտ հայրենիք պարտք կմնանք սերունդներին…

Այդ պարտքն արդեն կուտակվելով կուտակվում է…մանավանդ Արցախի հայազրկմամբ դառնում է անմարելի: Բայց երբ ձեռքերդ ծալած չես նստում, դուռ է բացվում, դռներ են բացվում, երբ կա զգայուն սիրտ, շռայլ հոգի, անկոտրում կամք, երբ նախնիներիցդ ժառանգել ես կորուսյալ եզերքին՝ Սեբաստիային մտովի, երգով կառչած լինելու կտակը, երբ կա կազմակերպչական անչափելի տաղանդ, բարձրանալով բարձրացնում ես, հենարան ես, սյուն ես…հուլիսի 5-ին Արցախի կամերային նվագախումբը Պապյանի թիկունքն ուներ՝ ելույթ ունեցավ Նարեկ Հախնազարյանի նվագավարությամբ: Սա թանկ տեղանունը պահպանելու ճիգ չէ, արարելով գոյելու, վերածնվելու ուղին է:

Առանց հոգեւոր Արցախի, մարմինն ինչպե՞ս կապրի…հաղթանակն ինչպե՞ս ծնվի:

Բայց նախ՝ այսօրը փառաբանենք. շնորհավո՛ր քո լույս ծնունդը, սիրելի՛ Հասմիկ Պապյան

Անահիտ Հովսեփյան

Գերմանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում