Այսօր Երեւանում 85 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Գալստյան-Փելեշյանը։ Մեր առաջին ծանոթությունից անցել է 15 տարի, բայց այդ տարիներն ամրապնդվել էին մեր ջերմ ու անկեղծ բարեկամությամբ։ Մեզ կապում էր նաեւ այն, որ իմ ծնողների հետ Փելեշյաններն աշխատել էին Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանում։ Իզուր չէր, որ տիկին Աիդան ասում էր.«Հակոբ ջան, ես հարցազրույց միայն քեզ կտամ», ու մի քանի տարի առաջ կայացավ այդ զրույցը։ Մեր անկեղծ խոսակցությունն, իհարկե, ամբողջությամբ չտպագրեցինք, քանի որ իր ցանկությունն էր հետագայում ավելի լայն զրույցների միջոցով գիրք տպագրել։ Ամեն զանգելիս, հարցնում էր՝ Չե՞ք գալիս Երեւան։ Երեկ ներքին ձայնս ինձ հուշեց, որ պետք է զանգահարեմ։ Ուշացումով վերցրեց հեռախոսը, զգացի, որ ձայնը թույլ է։ Ասաց որ հիվանդանոցում է, վիրահատել են սիրտը։ Երկրորդ վիրահատությունն էր սպասվում։ Ու չի դիմացել։
Տիկին Աիդան ոչ միայն Վարպետի կյանքի ընկերն էր, այլեւ խորհրդատուն էր, աջակիցն էր, առանց որի վարպետը չէր պատկերացնում իր կյանքը։ Նա անգիր գիտեր, թե որ ֆիլմը ինչպես է նկարահանվել, ինչ բարդություններ են եղել, ինչպես է լույս աշխարհ եկել … Իզուր չէր Վարպետը տիկին Աիդային մի առիթով ասել. «Իմ բոլոր ֆիլմերը դու ես արել՝ իմ միջոցով»։
Վերջին տարիներին անհամբեր սպասում էր, թե ինչպես պետք է բեմադրեն Փելեշյանի գրած օպերան։ «Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել, դա լինելու է մի բացառիկ գործ»,- ասում էր նա մեզ հետ զրուցելիս։ Ցավոք, տիկին Աիդան այլեւս չի տեսնի այդ բեմադրությունը, բայց երկնքից հաստատ կհետեւի, որպեսզի ամեն ինչ հաջողությամբ ընթանա։
Լույսերի մեջ մնաս սիրելի տիկին Աիդա, անչափ կարոտելու ենք քո բարի ու լուսավոր դեմքը, ցավակցություններս պարոն Փելեշյանին, մխիթարություն ու համբերություն դստերն ու թոռնիկներին։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Ստորեւ ցանկացողները կարող են ընթերցել տարիներ առաջ ՕՐԵՐ-ում տպագրված մեր հարցազրույցը։
https://orer.eu/…/artavazd-peleshyan-85-aida-galstyan…
Հրաժեշտ Աիդա Գալստյան Փելեշյանին
Աիդա Գալստյան Փելեշյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-20:00-ը, «ԶՈԼԵՐ» սգո սրահում, Երևան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք. (Աջափնյակ, Շահումյանի գերեզմանատան ճանապարհին)
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 5-ին ժամը 13.00 -ին Երևանի կենտրոնական գերեզմանատանը: