Հայազգի Սաթենիկ Ռոթին՝ Գերմանիայի նախագահի պատվո շքանշան

  • 30.08.2024
  • 0
  • 465 Views

Գերմանիայի Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը օրերս «Դաշնային արժանիքների խաչ» պատվո շքանշան շնորհեց VeMo Halle կազմակերպության համահիմնադիր, AWO SPI կազմակերպության նվիրյալ աշխատակցուհի, հայազգի Սաթենիկ Ռոթին։ Սաթենիկ Ռոթը այդ պատվին արժանացել է միգրանտների հետ կատարած իր անխոնջ աշխատանքի եւ ինտեգրացիոն ոլորտում ցուցաբերած մեծ ծառայությունների համար։

Միգրանտների եւ փախստականների հանդեպ ունեցած նրա բացառիկ նվիրվածությունը, ինչպես նաեւ զարգացման քաղաքականության ոլորտում տարված աշխատանքը բարձր գնահատվել է երկրի ղեկավարի կողմից։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց տիկին Սաթենիկը, պարգեւատրումը լիովին անակնկալ է եղել եւ այդ մասին իմացել է նամակի միջոցով։ «Ես շատ էի զարմացել, որ ինձ են ընտրել»,- խոստովանեց նա։ Ի դեպ, նման բարձր պարգեւների են արժանացել նաեւ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի տարբեր բնագավառների եւս 10 աշխատակիցներ։

Սաթենիկ Ռոթը արդեն 29 տարի անդամակցում է գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, եւ տարիներ առաջ հանդիպել էր նախագահ Շտայնմայերին ժողովրդավարությանը նվիրված ֆորումի ժամանակ։ Նա մեծ աշխատանք է տարել նաեւ իրենց քաղաքում միջմշակութային երկխոսության եւ սոցիալական համախմբվածության ուղղությամբ, ակտիվ մասնակցություն ունեցել Հալլեի հայ համայնքի գործունեությանը

Նշենք, որ Սաթենիկ Ռոթը մասնագիտությամբ քիմիկոս է, ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, 1995 թվականից բնակվում է Հալլեում, գերմանացի ամուսնու՝ Անդրեաս Ռոթի հետ ծանոթացել է դեռեւս Երեւանի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատելու տարիներին։

Մեր հայրենակցուհու մասին ավելի ծավալուն հոդվածը կտպագրվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գերմանահայությանը նվիրված բացառիկ համարում։

Շնորհավորում ենք տիկին Սաթենիկին եւ մաղթում հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում