Հայկական գաղթօջախներում հայկական մշակույթն ու արվեստը, գիրն ու գրականությունը, երգն ու երաժշտությունը պահում, զարգացնում ու տարածում են, մշակույթի անմնացորդ գործիչներ, արվեստագետներ, որոնք նույնիսկ իրենց սեփական միջոցների ու կարելիությունների սուղ միջոցներով՝ հնարավորինս բարձր մակարդակով հայ եւ հատկապես օտար հասարակությանը ներկայացնում են արվեստի մեր անցյալի ու ներկայի ժառանգությունը: Այդ շնորհալի անձնավորություններից է շվեդահայ դաշնակահարուհի, կամերային երաժիշտ, կոնցերտմայստեր, կոմպոզիտոր Կարին Հելլման-Գեւորգյանը:
Նա Շվեդիայում հայկական դասական եւ ժամանակակաից հայ երաժշտությունը շվեդ արվեստագետներին եւ հասարակությանը մատուցման առաքելությունը ստանձնած կամավոր է։
Կարին Հելլման-Գեւորգյանը 1985 թ. ավարտել է Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, անցել է կոմպոզիցիայի դասընթացներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի դասարաններում: Դեռեւս մանուկ հասակում, Կոմիտասի անվ.երիտասարդ շնորհալիներին նվիրված մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
1991-ից տեղափոխվել է Շվեդիա եւ բնակություն հաստատել Ստոկհոլմում: Կարինի կայացման գործում անգնահատելի դեր է ունեցել ամուսինը՝ Թոմմի Հելլմանը, ով լինելով պատմաբան եւ քաջածանոթ շվեդական մտավորական շրջանակներին, կարողանում է օտար միջավայրի դժվարությունները հաղթահարելու գործում անգնահատելի ներդրում ունենալ Կարինի հետագա գործունեության եւ կարիերայի վրա:
Կարինի հաներգային գործունեությունը, իհարկե, չի սահմանափակվում միայն Շվեդիայում, այլ նրա սահմաններից դուրս ծավալվում եւ ընդարձակվում է Սկանդինավյան երկրներում՝ Ֆինլանդիա, Դանիա, Նորվեգիա, ապա Ֆրանսիա եւ Ռուսաստան: Դեռեւս 1991 թվականին, երբ նոր էր մուտք գործել Եվրոպական միջավայր, Փարիզի ազգային կոնսերվատորիայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի:
Կատարելագործելով իր հմտությունները Շվեդիայում, Գերմանիայում եւ այլ Եվրոպական երկրներում, նա մասնակցել է բազմաթիվ վարպետության դասընթացների՝ հայտնի կոմպոզիտորների եւ երաժշտագետների մոտ, որոնցից կարելի է նշել Լեւ Նաումովին (Հանովեր), Զալցբուրգի Մոցարտի անվ. Ամառային ակադեմիայում Հանս Լեյգրաֆին, Ռոբերտ Լեւինին, Նորման Շետլերին եւ Ալեքսանդր Մյուլենբախին:
Իրականացրել է արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված համերգային ծրագրերի նախագծեր Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում: Հեղինակել է դաշնամուրի, ձայնի եւ նվագախմբի համար բազմաժանր ստեղծագործություններ:
Շվեդ կոմպոզիտոր Էբերհարդ Այսերը գրում է. «Կարին Հելման-Գեւորգյանին առիթ եմ ունեցել ճանաչել որպես փայլուն դաշնակահարուհի, որպես համերգային արտիստ եւ նրբազգաց կոնցերտմայստեր: Ներկա եմ եղել նրա բազմաթիվ համերգներին, հնարավորություն ունենալով ծանոթանալ նրա ստեղծագործություններին: Նա մեծ ունակությունների տեր ստեղծագործող է՝ ոչ ավանգարդ դասական մտածողությամբ: Բացի այդ, Կարինն իր երկրի՝ Հայաստանի երաժշտական ավանդույթների հետ է ծանոթացրել մեզ՝ հայ կոմպոզիտորների գործերը կատարելով Շվեդիայում եւ այլ երկրներում»:
Իրավացիորեն կարելի է ասել, որ մեծավմասամբ Հելլման-Գեւորգյանի անխոնջ աշխատանքի շնորհիվ, այսօր հայ կոմպոզիտորների գործերը հասանելի եւ սիրելի են դառնում սկանդինավյան ունկնդրի համար:
Կարին Հելման Գևորգյանը շվեդական մեդիայում ներկայացվել է այսպես.
«Համերգային ամենաբարձր կարգի դաշնակահար, ով իր կատարումով հմայում է և՛ սկսնակներին, և՛ ամենախորաթափանց հանդիսատեսին: Կոմպոզիտոր, ով համատեղում է իր հայրենիքի՝ Հայաստանի երաժշտական հարուստ ժառանգությունը հնչյունների հետ, որոնք բխում են անմիջապես շվեդական ժողովրդական հոգուց: Միաժամանակ արձագանքող, հմուտ կրկնողությամբ ուղեկցող, ով իր գործընկերներին թույլ է տալիս փայլելու:
Մեծ գիտելիքներով և նվիրվածությամբ Կարին Հելման Գևորյանը ավելի քան 20 տարի իրականացնում է երաժշտական առաքելություն, կատարելով նախկինում անտեսված դաշնամուրային գանձերը՝ միաժամանակ ներկայացնելով շվեդական երաժշտությունը արտերկրում:
Կարինը երաժշտական նախնադարյան ուժ է, ով լիովին անշահախնդիր աշխատում է ավելի հարուստ երաժշտական կյանքի համար և երբեք առիթը բաց չի թողնում բարձրացնելու գործընկերներին և նպաստելու ինչպես նոր երաժշտության, այնպես էլ ներկայումս անտեսված շվեդ հայտնի ու նաեւ քիչ հայտնի կոմպոզիտորների առաջխաղացմանը»:
Ընտանեկան ջերմ միջավայում Կարինը իրեն զգում է երջանիկ, թեկուզ հենց այն պատճառով, որ նրա երկու զավակները՝ Յոհաննեսը պրոֆեսիոնալ երաժիշտ է, Շվեդիայում եւ այլուր ծավալում է ակտիվ համերգային գործունեություն, իսկ դուստրը՝ Աննա-Մարիան երաժշտությունից բացի զբաղվում է լուսանկարչությամբ, ուսումնասիրում արվեստի պատմություն: Երկու զավակներն էլ գրում, կարդում եւ խոսում են հայերեն:
Որպես համերգային կատարող, Գեւորգյանը շվեդ եւ համաշխարհային դասական այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին մշտապես հնչեցնում է նաեւ հայ կոմպոզիտորների, ինչպես նաեւ իր ստեղծագործությունները:
Համաշխարհային դասականների, եւ հայ կոմպոզիտորների հոբելյանները միշտ էլ եղել են նրա ուշադրության կենտրոնում: Իր ծրագրերից մեկը նվիրել է հատկապես Կոմիտասին: Կոմիտասը հանդիսանում է դաշնակահարուհու կուռքը, որի մասին ունի իր առանձնակի գուրգուրանքը եւ մանկության օրերից մնացած անմոռաց հիշողություններ:
Կոմիտասի գործերից բաղկացած նրա համերգային ծրագրերը մեծ ուշադրության եւ գնահատանքի են արժանացել շվեդ երաժշտասերների կողմից։
Բազմաթիվ են նրա կատարմամբ ծրագրերը, հոբելյանները, պատմական թեմաներով միջոցառումները, Հայաստանի վերաբերյալ ձեռնարկները …
Նրա մասին ճիշտ բնութագիր է տալիս Սվետլանա Նավասարդյանը, ով գրում է. «Հայաստանում հասակ առած, այնուհետեւ Ստոկհոլմում հաստատված դաշնակահարուհին, հայ երաժշտության դեսպանն է Շվեդիայում, որի ջերմեռանդ եւ բազմաբեղուն գործունեությունը լավագույնս նպաստում է երկու մշակույթների մերձեցմանը, կամուրջ գցում փոխհարստացնող համագործակցման համար…»:
Իսկ դաշնակահարուհի, ԵրՊԳԿՄ դասախոս Սուսաննա Ավետիսյանը գրում է. « Վերջին շրջանում մեծ է երաժշտի ցանկությունը՝ ավելի հաճախ լինել Հայրենիքում, ներկայացնել իր ստեղծագործությունները հայ ունկնդրին: Հայաստանում Կարինին ճանաչում են որպես դաշնակահարուհի եւ կոնցերտմայստեր, ինչպես նաեւ նրա վարպետության դասերը՝ նվիրված շվեդ կոմպոզիտորների ստեղծագործություններին:
Հուրախություն կոմպոզիտորի, ում գործերը բավական հաճախ կատարվում են Ստոկհոլմում, հնչեցին նաեւ Երեւանում՝ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ երիտասարդ երգիչների կատարմամբ (ղեկավար՝Լեւոն Ջավադյան) հնչեց նրա «Նոր տարվա սիրուն ծաղիկ, դու մեր զարդն ես Ձյուն ծաղիկ» ստեղծագործությունը, նվիրված՝ Սոնա-Մարիա-Ադելաիդային: Ունկնդիրները ջերմ ոգեւորությամբ ընդունեցին հետաքրքիր մտածողությամբ գրված այս գողտրիկ ստեղծագործությունը»:
Կարին Հելլման Գեւորգյանը պատկանում է այն երաժիշտների եւ կատարողների դասին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց արվեստի հմայքը եւ ոգին փոխանցելու թե’ արվեստագետներին եւ թե’ արվեստասերներին…
Մի այլ առիթով նրա մասին գրել եմ. «Շատերը կհուսահատվեին հանդիպելով մեծ ու փոքր անսահման խոչընդոտների, եւ կլքեին արվեստի ասպարեզը, սակայն ահա ավելի քան 25 երկար տարիներ է, ինչ նա անկոտրում համառությամբ՝ նպատակասլաց, կազմակերպում եւ հանրությանն է նվիրում հայ եւ օտար մեծագույն վարպետների եւ կոմպոզիտորների գործերը, իր ուրույն կատարումներով եւ երաժշտական գույների բազմազանությամբ:
Նրա բազմաթիվ համատեղ համերգները համաշխարհային հռչակ ունեցող ջութակահար Նիլս Էրիկ- Սփարֆի եւ Ռայմոնդ Բյորլինգի հետ խոսում են Կարին Գեւորգյան- Հելլմանի անսպառ ունակությունների եւ տաղանդի մասին»:
Նա իր լայնածավալ գործունեությանը զուգընթաց՝ անմնացորդ բաժինն է բերել Շվեդիայի հայ համայնքում մշակույթի, արվեստի եւ հասարակական զանազան միջոցառումներում: Միջոցառումներ, երաժշտական կատարումներ, որոնք կազմակերպվել են հայկական միջավայրում ե’ւ հայ, ե’ւ շվեդ եւ այլ հանդիսականների համար: Անձամբ բախտ եմ ունեցել թե’ մոտիկից ճանաչելու Կարինին եւ թե’ մասնակիցն ու կազմակերպիչը լինելու նրա ներդրմամբ անկրկնելի միջոցառումների Ստոկհոլմում եւ Ուպսալայում՝ շվեդ բարեկամների մասնակցությամբ:
Կարո Հակոբյան
Գրող, թարգմանիչ, հրապարակախոս