Լոս Անջելեսում կյանքից հեռացել է սիրված օպերային երգչուհի, սոպրանո, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Նշանյանը

  • 24.07.2024
  • 0
  • 320 Views

Հուլիսի 23-ին, Լոս Անջելեսում, 92 տարեկան հասակում, կյանքից հեռացել է սիրված օպերային երգչուհի, սոպրանո, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Նշանյանը (Աննա Իսահակի Փափազյանը)։

Նա իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։

Նա իր առաջին բեմելն ունեցել է 1945 թվականին՝ հանդես գալով «Անուշ» օպերայի Անուշի դերով։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը, ապա ուսանել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի և ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

????????????????????????????????????

1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Աննան համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում՝ կատարելով Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով հանդես է եկել Խորհրդային Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Սիրիայի մի շարք քաղաքներում։

Աննան բազմաթիվ դերերգերով է հանդես եկել, այդ թվում՝ Անուշ («Անուշ» օպերա), Իշխանուհի Աննա («Սայաթ-Նովա»), Շուշան («Դավիթ Բեկ»), Օլիմպիա («Արշակ Երկրորդ»), Վիոլետա («Տրավիատա»), Դեզդեմոնա («Օթելլո»): Նրան կարելի է տեսնել նաև Հրաչյա Ղափլանյանի «Քաղաքավարության վնասներ» (1964), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964) և «Երգում է Աննա Նշանյանը» (1976) ֆիլմերում:

Նշանյանը արժանացել է մի շարք պարգևների, ներառյալ՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1970), ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգիր (1977), «Famous Opera Singer» կոչում և Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2013)։

Աննա Նշանյանի հիշատակը հավերժ կմնա հայ օպերային արվեստի երկրպագուների սրտերում։

Երեւանի Ազգային օպերային թատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սիրելի երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը նույնպես ցավակցում է անվանի երգչուհու հարազատներին եւ բարեկամներին։

Աղբյուր՝ Armenian Radio Archive

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում