Գոհար Գասպարյանի 100-ամյակը՝ «Բոհեմի» համերգային կատարումով՝ համաշխարհային հայ աստղերի մասնակցությամբ

  • 24.07.2024
  • 0
  • 163 Views

Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարումը՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ:

Հուլիսի 24-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի ‹‹Բոհեմ›› օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը նրան անվանեց «Հայաստանի սոխակ», վարպետն ասում էր. «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։

Իսկ Գոհար Գասպարյանն իր մասին ասում էր. «Երգելն իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, և ես ապրում եմ հանուն իմ արվեստի։ Իմ հավատամքն է ոչ թե զարմացնել, այլ՝ հուզել»։

Գոհար Գասպարյանը եզակի կոլորատուրային սոպրանո է, ծնվել է 1924թ.-ին հեռավոր Եգիպտոսում՝ Նեղոս գետի ափերին: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում։

1940թ.-ից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նախընտրում է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սաբրիչ»-ից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթներից», Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիա»-ն:

Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով` համանուն օպերայում։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Բոլշոյ թատրոնում, Նյու Յորքի Քարնեգի հոլլում և այլուր։

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը՝ որտեղ տեղ են գտել բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: Ցուցադրության մուտքն ազատ է:

Գլխավոր դերերգերը կատարելու են տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը,  սոպրանո Նինա Մինասյանը եւ սոպրանո Քրիստինա Մխիթարյանը։

Ռոդոլֆո՝ Լիպարիտ Ավետիսյան, տենոր

Լիպարիտ Ավետիսյանն իր սերնդի ամենավառ քնարական տենորներից է: Նրա հուզիչ «բելկանտոն» հնչել է աշխարհի հեղինակավոր թատրոններում: Քննադատները նրան բնութագրում են որպես տենորի՝ ազատորեն ճախրող ձայնով, փայլուն, քաղցրահունչ բարձր նոտաներով և տենորային ձայնին բնորոշ «հեկեկոցով» (tenor sobs), երգչի, ով ունի գունեղ, բացառիկ պոետիկ երգեցողության որակ, ինչը ստիպում է հանդիսատեսին շունչը պահած ունկնդրել նրան:

Հայազգի տենորը փայլում է Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդենում ‹‹Սիրո ըմպելիք›› (Նեմորինո), ‹‹Տրավիատա›› (Ալֆրեդո), ‹‹Ռիգոլետտո›› (Մանտուայի դուքս) օպերաներում, Տեատրո Կոլոնում ‹‹Ֆաուստ›› օպերայում (համանուն դերերգով), Սիդնեյի, Դրեզդենի, Բավարիայի, Լոս Անջելեսի, Նիդեռլանդների ազգային, Տուրինի, Տեներիֆեյի օպերային թատրոններում ‹‹Տրավիատա›› (Ալֆրեդո), ‹‹Բոհեմ›› (Ռոդոլֆո), ‹‹Մանոն›› (Շեվալյե դե Գրիե) օպերաներում:

Բեռլինի Ֆիլհարմոնիկի հետ հանդես է եկել Բեռլինում և Բադեն-Բադենի Զատկի փառատոնում ‹‹Իոլանտա›› օպերայում (Վոդեմոն)՝ Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ:

Ավետիսյանը 2024-25 թատերաշրջանում կվերադառնա Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն ‹‹Եվգենի Օնեգին››-ով (Լենսկի), հանդես կգա Բավարիայի պետական օպերայում Նեմորինոյի (‹‹Սիրո ըմպելիք››) և Ալֆրեդոյի (‹‹Տրավիատա››) դերերգերով, Դրեզդենի Զեմպերօպերում Ռոմեոյի (‹‹Ռոմեո և Ջուլիետ››) դերերում հանդես կգա առաջնախաղով: Առաջին անգամ կերգի Փարիզի Օպերա Բաստիլում (Մանտուայի դուքս, ‹‹Ռիգոլետտո››) և Վիեննայի պետական օպերայում (Ռոդոլֆո, ‹‹Սիրո ըմպելիք››):

Ավետիսյանը համագործակցել է մեր ժամանակների այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են Սըր Անտոնիո Պապպանոն, Դանիել Օրենը, Կիրիլ Պետրենկոն, Ֆաբիո Լուիզին, Անտոնելլո Մանակորդան, Բերտրան դե Բիլլին և այլոք:

Հուլիսի 24-ին Պուչչինիի ‹‹Բոհեմ›› օպերայում Լիպարիտ Ավետիսյանը կմարմնավորի Ռոդոլֆոյին՝ հանդես գալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Շոնար՝ Գուրգեն Բավեյան, բարիտոն

OpernWelt ամսագիրը 2018-ին Գուրգեն Բավեյանին առաջադրել է ‹‹Տարվա ամենապահանջված երգիչ›› նոմինացիային: Բավեյանի 2021/22թթ. համերգաշրջանի ձեռքբերումներից է համերգների շարքը Ռավեննա փառատոնում՝ մաեստրո Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Այս համագործակցությանը նախորդել է նույն դիրիժորի ղեկավարությամբ Շուբերտի Մեսսայի կատարումը Բավեյանի մասնակցությամբ, դարձյալ Ռավեննայի փառատոնում:

Որպես Բազելի թատերախմբի անդամ Բավեյանը հանդես է եկել Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած Սևիլյան սափրիչը օպերայում գլխավոր դերերգով, ելույթ է ունեցել Լիմայի Gran Teatro Nacional, Անկոնայի Teatro delle Muse և Սասսարիի Teatro Verdi թատրոններում: Բավեյանի վերջերս կայացած դերերգերի թվում են. Դոն Ալվարոն՝ Ռոսսինիի Ճամփորդություն դեպի Ռեյմս օպերայում՝ Բարսելոնայի Gran Teatre del Liceu-ում, Պեզարոյի Rossini Opera Festival-ում և Վիեննայի Musikverein-ի Ոսկե սրահում: Կատարել է նաև Դանդինիի դերերգը՝ Ռոսսինիի Մոխրոտը օպերայում New Generation փառատոնի շրջանակներում և Շոնարի դերերգը՝ Բոհեմում, Կլագենֆուրտի Stadttheater-ում: Գուրգենը համերգային կատարումներով հանդես է եկել Ամստերդամի Concertgebouw-ում՝ Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր փառատոնում:

Որպես Ֆրանկֆուտի օպերայի հրավիրյալ արտիստ Գուրգեն Բավեյանը հանդես է եկել մի շարք դերերով, որոնցից հիշատակելի են. Կոմսը՝ Ֆիգարոյի ամուսնություն, Մարուլլոն՝ Ռիգոլետո, Չեկունովը՝ Յանաչեկի Մեռյալների տունը, Մաժորդոմը՝ Ռիխարդ Շտրաուսի Կապրիչո և այլ օպերաներում:

2008-2013-ը Գուրգեն Բավեյանը եղել է Հայաստանի Ազգային օպերային թատրոնի մեներգիչ և որպես հրավիրյալ արտիստ համագործակցել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի հետ՝ կատարելով առաջատար դերերգեր. Սիլվիո՝ Պայացներ, Պինգ՝ Տուրանդոտ, Շոնար՝ Բոհեմ, Մորալես՝ Կարմեն, Բելկորե՝ Սիրո ըմպելիք և Էնրիկո՝ Լուչիա դի Լամերմուր:

Գուրգենը Պեզարոյի Ռոսսինիի օպերային փառատոնի Accademia Rossiniana-ի անդամ է:

2017-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այնուհետև սովորել է Մայնի Ֆրանկֆուրտի Hochschule für Musik und Darstellende Kunst կոնսերվատորիայում՝ պրոֆ. Հեդվիգ Ֆասբենդերի ղեկավարությամբ:

2013-ին Գուրգեն Բավեյանը արժանացել է Պավել Լիսիցյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակին, իսկ 2010-ին ՀՀ Նախագահի մրցանակին:

Նինա Մինասյան (Մյուզետ)

2022/23-ին Նինա Մինասյանի բյուրեղյա սոպրանոն հնչել է Wiener Staatsoper-ում, Dutch National Opera-ում, Դրեզդենի Semperoper-ում, Croatian National Opera-ում, Օմանի Royal Opera House-ում և այլ հեղինակավոր օպերային թատրոններում (Բոհեմ, Տրավիատա, Սիրո ըմպելիք և այլ բեմադրություններում):

Վերջերս Մինասյանը ելույթ է ունեցել Վիոլետայի դերերգով՝ Տրավիատա օպերայում (Դրեզդեն), Լաուրետայի դերերգով՝ Ջաննի Սկիկի օպերայում (Մոնտե Կառլո), Ադինայի դերերգով՝ Սիրո ըմպելիք (Regio di Parma), Մելիզանդեի դերերգով՝ Պելեաս և Մելիզանդե օպերայում (Liège Opera):

Անցյալ համերգաշրջանում տեղի է ունեցել Նինայի բեմելը Բեռլինի Deutsche Oper-ում և Ջլիդայի դերակատարումը՝ Ռիգոլետո օպերայում Մոսկվայի Մեծ թատրոնում: Հետագայում նա կատարել է Լուչիա դի Լամերմուրի դերը համանուն օպերայում՝ Մյունխենի Bayerische Staatsoper-ում և Opéra national de Paris-ում: Դրան հաջորդել են նրա դեբյուտային դերակատարումները La Monnaie և Teatro Real de Madrid-ում՝ Ոսկե Աքաղաղ օպերայում: Wiener Staatsoper-ում Նինա Մինասյանը կատարել է Գիշերվա թագուհու դերը, իսկ այնուհետև կայացել է նրա բեմելը Köln Opera-ում՝ Ջիլդայի դերով: Նինան հանդես է եկել Օսկարի դերերգով Փարիզում՝ Վերդիի Պարահանդես-դիմակահանդես օպերայում և Օլիմպիայի դերերգով Հոլանդիայի փառատոնում՝ Օֆենբախի Հոֆմանի հեքիաթները օպերայում:

Մինասյանը ելույթներ է ունեցել նաև Չայկովսկու անվ. համերգասրահում և Նյու Յորքի Կարնեգի հոլլում:

2024/25-ին Նինայի ելույթները ծրագրված են Ջենովայի Carlo Felice թատրոնում (Լուչիա դի Լամերմուր), Wiener Staatsoper-ում (Ռիգոլետո) և Պամպլոնայի օպերային թատրոնում (Տրավիատա):

Մինասյանը ծնվել է Հայաստանում: 2010-ին եղել է Երևանի կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվ. օպերային ստուդիայի մենակատար: Նինա Մինասյանը Տաթևիկ Սազանդարյանի և Պավել Լիսիցյանի անվ. մրցույթների դափնեկիր է: Եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի Երիտասարդ արտիստների ծրագրի անդամ, որի շրջանակներում կատարելագործվել է Ելենա Օբրազցովայի, Եվգենի Նեստերենկոյի, Լյուբով Օրֆենովայի, Մզիա Բաչտուրիձեի և Դիանե Զոլայի ղեկավարությամբ:

Քրիստինա Մխիթարյան –(Միմի, սոպրանո)

«Առաջիկայում Մետրոպոլիտեն օպերայում Ձեֆիրելիի բեմադրության մեջ ելույթ եմ ունենալու Միմիի դերերգով։ Այստեղ համերգային կատարում է, ըստ իս, դա ավելի բարդ է: Ներկայացման մեջ քեզ օգնում են դեկորները, բեմական հագուստը, գործընկերներիդ հետ դերասանական խաղը, իսկ համերգային կատարման մեջ այդ ամենը պետք է վերարտադրես միայն ձայնի և կատարողական վարպետության միջոցով, թաքնվելու կամ քողարկելու ոչ մի հնարավորություն չունես:

Հայաստանում առաջին անգամ եմ երգելու, ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ. նվագախումբը շատ գեղեցիկ և փափուկ հնչողություն ունի, դահլիճի ակուստիկան հրաշալի է: Վստահ եմ, ֆանտաստիկ կատարում է սպասվում»,- Քրիստինա Մխիթարյան (Միմի, սոպրանո):

Մարչելլո` Բոգդան Բաչու, բարիտոն

Ռումինացի բարիտոն Բոգդան Բաչուն ելույթներ է ունեցել Բուխարեստի, Ստրասբուրգի, Վիլնյուսի, Պալերմոյի, Բերգամոյի, Մոսկվայի, Բեռլինի, Դրեզդենի, Համբուրգի, Շտուտգարտի և Ֆրանկֆուրտի հայտնի օպերային թատրոններում:

2021/22թթ. համերգաշրջանում կայացել են նրա ելույթները Կոմս դի Լունայի դերերգով Տրուբադուրում՝ Ռումինիայի Ազգային օպերային թատրոնում և Ժերմոնի դերերգով Տրավիատայում՝ Դյուսելդորֆի Deutsche Oper am Rhein թատրոնում: 2022-ին տեղի է ունեցել Բաչուի բեմելը Մյունխենի Bayerische Staatsoper-ում Ռ.Շտրաուսի Կինն առանց ստվերի օպերայում:

2023/24-ին կայացել է Բաչուի բեմելը Դյուսելդորֆում՝ Վագների Պարսիֆալում:

Բաչուի երկացանկը ընդարձակ է. Պապագենո (Կախարդական սրինգ), Դոն Ջովանի, Ֆիգարո (Սևիլյան սափրիչ),Դանդինի (Մոխրոտը), դոկտոր Մալաֆեստա (Դոն Պասկուալե), Էնրիկո (Լուչիա դի Լամերմուր), Ռենատո (Պարահանդես- դիմակահանդես), Գյունտեր (Աստվածների կործանումը ), Հեեռուֆեր (Լոհենգրին), Մարչելլո (Բոհեմ), Շարպլես (Մադամ Բաոերֆլայ), Ֆորդ (Ֆալստաֆ), Պինգ (Տուրանդոտ), Էսկամիլիո (Կարմեն), Մերկուցիո (Գունո՝ Ռոմեո և Ջուլիետ), Վալենտին (Ֆաուստ), Օնեգին (Եվգենի Օնեգին), Առլեկին (Շտրաուս՝ Արիադնան Նաքսոսում):

Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում