Ռումինական Ստրունգա գյուղի հայկական որբանոցի պատմության մասին գիրքը լույս է տեսել նաեւ Հայաստանում

  • 21.07.2024
  • 0
  • 178 Views

Հայաստանյան «Բուկինիստ» գրախանութներում արդեն կարելի է ձեռք բերել Բուխարեստի «Արարատ» ամսագրի թղթակից, քաղ. գիտ. դոկտոր Արսեն Արզումանյանի «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գիրքը, որը հեղինակի ծավալուն ուսումնասիրությունն է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի ուշագրավ պատմության վերաբերյալ։

Ռումինահայ թեմի առաջնորդ Հուսիկ եպս․Զոհրաբյանը, Ռումինահայոց միության նախագահ Արմենակ Մանիսալյանը և համայնքի մի շարք անդամներ Ստրունգայի որբանոցի տարեկան հանդեսին,_1924թ․

Գրքի ռումիներեն և հայերեն տարբերակները լույս են տեսել Բուխարեստում 2023թ. որբանոցի 100-ամյակի կապակցությամբ: Աշխատությունը բացառիկ է իր ուսումնասիրության աղբյուրներով. առաջին անգամ ուսումնասիրվել և վերլուծվել են որբանոցի արխիվներն ու Բուխարեստում լույս տեսած հայկական պարբերականների հարյուրավոր հոդվածներ, որոնք անդրադարձել են որբանոցի հիմնադրմանը, կայացմանը և լուծարմանը։ Այդ պարբերականների մեծ մասը միայն Ռումինիայում է հաջողվել գտնել և մոռացումից փրկել։

Ստրունգայի որբանոցի սաներից էր ապագա հայտնի նկարիչ և քանդակագործ Արամիկը՝ Արամ Ղարիբյանը

Հետազոտված նյութերում արժեքավոր տեղեկություններ են հայտնաբերվել նաև որբանոցի շրջակայքում գոյություն ունեցած, կարելի է ասել, մինչև այդ «անհայտ» հայկական դամբարան-մատուռի վերաբերյալ, որի կապը որբանոցի և նրա բնակիչների հետ գրքում ներկայացված է ուշագրավ դրվագներով։ Խոսքն այդ շրջանում հայազգի հայտնի կալվածատեր, Ստրունգա գյուղի հիմնադիրներից մեկի՝ Ինջե Հակոբի ընտանիքի դամբարանի մասին է, որը 1923թ. դառնալու էր Սբ. Նահատակաց մատուռ։

Որբանոցի բացումը, 1923թ.

Թեև Ցեղասպանությունից փրկված 200 երեխաներին ապաստան տված որբանոցը կարճ կյանք է ունեցել, այն խորը հետք է թողել ռումինահայերի հիշողության մեջ։ Ստրունգայի հայկական որբանոցի հիմնումը, առօրյան, դրա շուրջ տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները, այդ թվում՝ ռումինահայ համայնքում ծագած տարաձայնությունները որբանոցի ապագայի շուրջ, մի շարք երեխաների ճակատագրերը և մյուս պատմությունները խորապես կհուզեն ընթերցողներին։ Գրքի վերջում ներկայացվում է որբանոցի գրանցամատյանը՝ երեխաների նկարներով և անձնական տվյալներով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում