Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն. Ատոմ Մխիթարյան

  • 07.07.2024
  • 0
  • 203 Views

Երիտասարդական ակումբների դաշնությունն ավանդաբար կազմակերպում է Վարդավառ փառատոնը՝ համախմբելով, խրախուսելով երիտասարդներին՝ տարածել ու պահպանել հայ ազգային, ավանդական ու հոգևոր արժեքները:

 Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկն է, որը յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով Գառնիում և Գեղարդում: Նախաքրիստոնեական շրջանից Վարդավառը հայտնի է` որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն: Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որը նշվում է որպես Քրիստոսի պայծառակերպության օր:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշում է, որ «Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է՝ ըստ քրիստոնեական հավատալիքների մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է, իսկ Քրիստոսի պայծառափայլ կերպարն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, որն անցնում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:

Այսօր առավել, քան երբևէ կարևորվում է Վարդավառի տոնակատարությունները արժեվորելը, որովհետև համախմբման և մաքրագործման ուղով պետք է անցնենք, երիտասարդներին ազգային, ավանդական ծիսակարգերին և մշակութային ինքնատիպ ժառանգությանը ծանոթացնենք, որպեսզի ինքնությունն ու հայկական արմատները ծլարձակեն»:

Փառատոնի հիմնական գործընկերը ՀՀ Կոտայքի մազպետի աշխատակազմն է, որի ջանքերի շնորհիվ տոնակատարությանը միանում են Կոտայքի մարզի առաջատար ստեղծագործական և մշակութային խմբերն ու հաստատությունները:  Աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ, Վարդավառ փառատոնի մշակութային պատասխանատու Մարի Հովակիմյանը կարևորում է ավանդական դարձած Վարդավառի տոնակատարությունը. «Մեր մարզում երկու կարևոր մշակութային գանձարան կա. դրանք մեր պատմության արժևորման և ավանդույթների պահպանման հիմքում են: Երիտասարդական ակումբների դաշնությունը բոլորիս վարակել է վարդավառյան տրամադրությամբ՝ հետևողականորեն իրագործելով տարիներ առաջ մտահղացած Վարդավառ փառատոնի գաղափարը»:

Գառնիի հեթանոսական տաճարում մասնակիցներն ականատես եղան Նոյ նահապետի, Աստղիկ դիցուհու և Վահագնի բեմականացված կերպարներին:

Նոր Հաճընի մշակույթի տան «Հաճըն» երգչախումբը ներկայացրեց կոմիտասյան շարան, Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի պարային համույթը՝ «Վարդավառ» պարը: Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական համույթը ներկայացավ «Ծաղկաձոր» կատարմամբ և «Անձրևաբեր Նուրիի ծես, խնդումի ծես»-ով: Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախումբը բեմականացրեց «Տատիկից փախած ճամփորդները»՝ ըստ Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի: Տոնակատարությունը նշանավորվեց նաև ազգային պարերի ուսուցմամբ և ջուր ցողելու արարողությամբ: Գեղարդավանքում էլ երիտասարդության օրհնության կարգ կատարվեց։

Վարդավառ փառատոնն այս տարի ևս համախմբեց բոլորիս ազգային, մշակութային երիտասարդական նախաձեռնության շուրջ, իսկ բազմաթիվ օտարերկրացիներ մասնակից եղան Գեղարդում և Գառնիում կազմակերպված տոնախմբություններին: 

Ըստ փառատոնի համակարգող, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի՝ «փառատոնի կարևոր առաքելությունը հայկական մշակույթի հանրահռչակումն է, երկրորդ՝ երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանումն ու տարածումը, երրորդ՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացումն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը»:

Փառատոնին աջակցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), Հայկական Փի Ար ասոցիացիան և Գառնու համայնքապետարանը։

#Վարդավառ_փառատոն

#Vardavar_fest

#Երիտասարդական_ակումբների_դաշնություն

#FYCA

#Կոտայքի_մարզպետի_աշխատակազմ

#Գառնու_համայնքապետարան

Երիտասարդական ակումբների դաշնության հանրային կապերի հանձնախումբ

www.fyca.net

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում