Հայաստանը ԵՄ հետ ունի բովանդակային գործընկերության նոր օրակարգ, իսկ Թուրքիայի հետ՝ առողջ երկխոսություն. Միզոյանն ասել է Վրաստանում

  • 04.07.2024
  • 0
  • 358 Views

Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.

«… Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը և որոնք ազդում են նաև մեր երկրների վրա:

Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել և դուք վստահաբար տեղյակ եք այդ մասին, ինքներդ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ և մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ։

Նաև ուզում եմ կարճ անդրադառնալ տարածաշրջանային մյուս հարցերին: Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և պատրաստ ենք նաև այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, այս ամբողջական կարգավորմանն ընդառաջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, պայմանավորված քայլերի իրականացմանը։ Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Մենք ունենք արդեն ասացի, պայմանավորվածություններ և մենք կարծում ենք, որ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա, ինչպես ասում են, իրականություն դառնան … »:

Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում նշել է.

«… Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասով․ շնորհակալ եմ և՛ նկատել ենք, և՛ գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը Ձեր կողմից ողջունելը, գործընթաց, որը տեղի է ունենում, երբ երկու կողմերը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները (վարչական սահմանները) վերածվեցին միջպետական սահմանների։ Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը։

Սրան զուգահեռ, ինչպես ասացիք, հարգելի՛ պարոն նախարար, կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր, և այստեղ ևս Հայաստանը նախկինի պես շատ կառուցողաբար է տրամադրված։ Հայաստանի առաջարկները, մոտեցումները թափանցիկ են։ Հուսով ենք և իրատեսական ենք համարում և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով, ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը։

Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Հակառակը, մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել, արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու և ինչպես նախկինում, այս պահից հետո ևս, նաև այս պահին Հայաստանը շարունակում է շատ կառուղուցողական դիրքորոշում ունենալ և ներգրավված լինել այս հարցում։

Ուզում եմ նաև առանձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում։ Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար։ Եվ ավելին, կարծում ենք, որ այդ դեպքում այդ ծրագիրը և այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնան տարածաշրջանում։ Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ։ Ի դեպ, շատ հետաքրքրական փաստ է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացրել է հենց Թբիլիսիում համաժողովի շրջանակներում»:

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանն՝ Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է.

«Տարին առանձնահատուկ է, այդ թվում և՝ անձամբ ինձ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։ Պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունների բովանդակությունը սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը, իհարկե, շատ ուրախալի է։

Հիրավի սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ։ Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, որի մասին խոսեցի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել թե՛ գործարար, թե՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը:

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային հարթակներում, բազմակողմ հարթակներում, որտեղ մենք կարող ենք արդեն ասել և Դուք էլ, հարգելի՛ պարոն նախարար, խոսեցիք այդ մասին, մեր ելույթներով, քվեարկություններով, շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները»։

Ամբողջական հայտարարությունը` https://www.mfa.am/…/2024/07/03/fms_armenia_georgia/12729

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց առահովելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց այսօր, այս փուլում մենք ականատես ենք լինում երկու ինքնիշխան պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը, և ես լիալույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նոր՝ շոշափելի արդյունքների՝ ի շահ մեր ժողովուրդների, ի շահ տարածաշրջանում բարեկեցության։»

Խորացող բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ Արարատ Միրզոյանը և Շալվա Պապուաշվիլին անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ սերտ համագործակցության հետագա զարգացմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները։

Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև կամուրջ լինելու հնարավորության շեշտադրմամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը, ինչը կարող է նաև մեծապես ավելացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կառուցման հեռանկարները։

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։

Թբիլիսի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։

Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում