Հայկական արմատներով կաթոլիկ այլախոհ եւ բժիշկ Սիլվեստր Կրչմերիի 100-ամյակը նշվեց Սլովակիայի Տրնավա քաղաքի համալսարանում

  • 27.06.2024
  • 0
  • 83 Views

Հունիսի 24-ին սլովակյան Տրնավայի համալսարանում կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Սլովակիայի նորագույն պատմության մեջ հայտնի անհատի՝ Սիլվեստր Կրչմերիի 100-ամյակին։ Կրչմերիի հավաստմամբ,  իր  երկու պապերը սլովակ եւ լեհ են, իսկ տատիկներից մեկը հայուհի է, մյուսը՝ հունգար։

Գիտաժողովի բացմանը, որի խորագիրն էր «Դուք ունեք ուժ, բայց մենք ունենք ճշմարտություն», ողջույնի խոսքերով հանդես եկան կազմակերպիչները՝  Տրնավայի համալսարանի ռեկտոր Միլոշ Ռիխները, «Ժողովրդի հիշողության սահմանադրություն» կազմակերպության նախագահ Յերգուշ Սիվոշը եւ Տրնավայի մարզի նախագահ Յոզեֆ Վիսկուպիչը։

Կրչմերիի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց կաթոլիկ այլախոհ, Սլովակիայի խորհրդարանի անդամ եւ Ազգային խորհրդի  նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլուշկոն։ Վերջինս այն պատգամավորն է, որը  2004 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացրել էր Սլովակիայի ԱԽ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

Կրչմերին ծնվել է 1924 թվականին Տրնավայում եւ մահացել 2013 թվականին՝ Բրատիսլավայում։ Նա սլովակ բժիշկ էր, քաղաքական բանտարկյալ եւ կաթոլիկ այլախոհ, ով  եպիսկոպոս Յաան Կորկի եւ Վլադիմիր Ժուկլի հետ համատեղ կոմունիստական ռեժիմի ժամանակ Սլովակիայում կազմակերպել էր գաղտնի կաթոլիկ եկեղեցի: 1951 թվականից մինչեւ 1964 թվականը եղել է բանտարկված, իսկ  1988 թվականի մարտին Բրատիսլավայում անցկացված հայտնի մոմավառության կազմակերպիչներից էր:

Կրչմերիի հայկական արմատների մասին զեկուցումով հանդես եկավ Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Աննա Կարապետյանը։ Նա մասնավորապես ներկայացրեց Կրչմերիի հայ տատիկի՝ Աննա -Նետտի Զաքարիաշի(Զաքարյանի) ընտանիքի պատմությունը։ Աննա-Նետտին Տրանսիլվանիայից էր, Դումբրավեն քաղաքից՝ Եղիսաբեթուպոլիսից։ Նա իր ամուսնուն՝ Կարոլ Կրչմերիին հանդիպել էր 1883 թվականին հայկական Ռաֆայելյան վարժարանում, ուր նա լատիներեն էր դասավանդել։ Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ Տրանսիլվանիայի հայերի ու մասնավորապես  Զաքարիյաշների ընտանիքի պատմությանը, նշելով, որ Կարոլն ու Աննան ամուսնացել են 1885 թվականին Դումբրավենի Սուրբ Եղիսաբեթ տաճարում։ Սիլվեստեր Կրչմերին եղել է  նրանց յոթ երեխաներից մեկի՝ Լադիսլավի երկրորդ զավակը։ Զաքարիաշների ընտանիքը նաեւ հայտնի է եկեղեցասիրությամբ, կառուցել է եկեղեցիներ։

Գիտաժողովի հաջորդ նիստերին կոմունիստական ռեժիմի օրոք Սիլվեստր Կրչմերիի հոգեւոր գործունեությանը եւ կրած զրկանքներին անդրադարձան երկու տասնյակից ավելի զեկուցողներ, որոնք ներկայացնում էին միջազգային եւ սլովակյան գիտական հաստատություններ։ Ներկայացվեցին նաեւ հայտնի այլախոհի հուշերը, նրա կապերը սկաուտական շարժումների եւ կաթոլիկ եկեղեցու հետ։

Հ.Ասատրյան

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում