Օրերս Դորտմունդի “Մենք” երիտասարդական միության հերթական նախաձեռնությունն էր։ Այս անգամ հայկական կազմակերպությունը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, ով քաղաքի հայությանը ներկայացրեց իր վերջին հրատարակությունները` “Արտավազդ արքայի հեքիաթը” և “Տիգրան Մեծ արքայի հեքիաթը” աշխատությունները։ Շնորհանդեսը մի հիանալի հնարավորություն է` գերմանահայությանը ծանոթացնելու մեր կողքին ապրող ու ստեղծագործող, ժամանակակից հայ գրողի աշխատություններին, որոնք բավականին մեծ արձագանք են գտել հայ ընթերցողի շրջանակներում, հանրության մեջ սեր արթնացնել դեպի ընթերցանությունը և, ըստ այդմ, նպաստել հայապահպանությանն ու հայ ինքնության պահպանմանը։
Այս հնարավորությունը հավուր պատշաճի օգտագործեց և լավագույնս վայելեց Դորտմունդի հայությունը, միջոցառմանը ներկա ավագ ու կրտսեր հանդիսատեսները, ովքեր ոչ միայն մեծագույն հետաքրքրությամբ ու բավականությամբ էին ունկնդրում հեղինակին, այլև անմիջական մասնակցություն էին ունենում ողջ շնորհանդեսի ընթացքին։
Արփի Մաղաքյանի ներկայացումն այնքան տպավորիչ էր, որ հանդիսատեսի համար հնարավորություն ստեղծվեց գրեթե անմիջականորեն հանդիպել գրքի գլխավոր կերպարներին և ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին: Այս ինտերակտիվ շնորհանդեսի ողջ ընթացքում, հեղինակին ուղղված հարցերը չէին դադարում։ Իսկ Մաղաքյանի պատասխաններն ավելի մեծ հետաքրքրասիրություն էին առաջացնում հանդիսատեսի մոտ` դեպի հեքիաթների կախարդական աշխարհը, դրանց ստեղծման գաղտնիքներին:
«Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանի խոսքերով` «Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին։ Այս շնորհը ոչ բոլորին է տրված: Ուստի հեղինակը պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, մի բան, որը չափազանց կարևոր է հայ համայքնների համար»:
Գերմանաբնակ Անի Բոշիկյանն իր հերթին իր գոհունակությունը հայտնեց գրողի հետ ծանոթանալու համար: “Մեր գրադարանը համալրվեց ևս երկու հիանալի գրքերով»,- իր խոսքում նշեց Բոշիկյանը։ Հեքիաթագիր Արփի Մաղաքյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։
“Դժվարություններն ու հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի սրահ, որտեղ հայի գեղեցիկ ու խոսուն աչքերն են”,- նշեց Մաղաքյանը` հավելելով,- “Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված… այնքան հայրենիքի, արմատի մասին նորն իմանալու ցանկություն կա»։
Այս հանդիպումն առիթ հանդիսացավ, որպեսզի գրողի ու հայկական կազմակերպության միջև համագործակցության նոր առաջարկներ ծնվեն, որոնք, անշուշտ, կյանքի պիտի կոչվեն հաջորդիվ։
Վերջում նշենք, որ Արփի Մաղաքյանը բնակվում է Հայաստանում։ Նրա գրքերը` «Երևանյան հեքիաթներ» (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023) և «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024), վաճառվում են հայաստանյան գրախանութներում։ Բեղուն գրիչ ցանկանանք մեր հայրենակցուհուն և նորանոր աշխատությունների ծնունդ։
“Մենք” երիտասարդական միություն
Դորտմունդ ,Գերմանիա