Ինչպես հայտնում է Զարեհ Թեւանը, ԱՄՆ-ում 80 տարեկանը չբոլորած, հունիսի 19-ին մահացել է հանրաճանաչ սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական դերասանուհի Վիոլետա Գևորգյանը։
2014 թվականին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որը կազմակերպել էր ռեժիսոր Վահե Շահվերդյանը։
Հանրագիտարանում նշված է, որ նա ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երեւանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երեւանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել այդ թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։
1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Դերասանուհին պատմում էր, որ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Երեւանում համարեցին դավաճան, և նա չդիմանալով այդ հոգեբանական ճնշումներին, 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։
Այնտեղ նա խաղացել է Տաթեւիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։
Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում: ԱՄՆ-ում խաղացել է նաեւ մի քանի հայկական սերիալներում։
«Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացնում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,- ասել է մի առիթով անվանի դերասանուհին։
«Ազգ» թերթն էլ իր հերթին հայտնում է, որ վերջին տասնամյակներում Վիոլետա Գևորգյանը մշակութային տարբեր նախաձեռնություններով գալիս էր Երևան։ Նա խաղացել է վերաբեմադրված «Աշնան արև» ներկայացման մեջ։ Վիոլետա Գևորգյանը ներգրավված է եղել Թեքեյան մշակութային միության ստեղծած «Թեքեյան» թատրեախմբում և հյուրախաղերով հանդես եկել տարբեր բեմերում։
1980 թվականին Արտաշես Հովհաննիսյանը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հիման վրա բեմադրել է «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» պիեսը, որտեղ Վիոլետա Գևորգյանը մարմնավորել է Աղունին։ Այդ դերի համար նա ստացել է պետական մրցանակ։
Բեմադրությունից 24 տարի անց՝ 2004 թվականին, երբ «Թեքեյան» թատերախմբի հետ Վիոլետա Գևորգյանը եկել էր Հայաստան, Արտաշես Հովհաննիսյանը, որը այդքան ժամանակ պահելիս է եղել ներկայացման դեկորացիաները՝ հուսալով, որ Վիոլետա Գևորգյանը մի օր կգա Երևան ու կխաղաղ Աղունի դերում, «Մեծ աշխարհի մեր փոքր անկյունը» վերաբեմադրել է։ Բեմադրող ռեժիսորի երազանքն իրականացավ. 24 տարի անց, երևանյան բեմում Վիոլետա Գևորգյանը նորից խաղաց Աղուն։
Ցավակցում ենք սիրված դերասանուհու հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։
orer.eu
Այս հղումով կարող եք դիտել տաղանդավոր դերասանուհու մասին հաղորդումը։
Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ – Վիոլետա Գևորգյան (youtube.com)