
Հունիսի առաջին կեսը նույնպես հարուստ էր տարբեր միջոցառումներով, որոնք նվիրված էին Հայաստանին ու հայ մշակույթին, կամ նշանակալի էին հայազգի մշակույթի գործիչների մասնակցությամբ։
Հունիսի մեկին Պրահայի շաբաթօրյա հայկական ն դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հանդեսը՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության տոնին եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը նախ շնորհավորեց երեխաներին, ապա վերջիններս կատարեցին «Մեկը հունիսի» երգը։
Հանդեսի հիմնական թեման հայոց լեզվի պահպանությունն էր։ Ավագ խմբի երեխաների ելույթը նվիրված Չարեցին ու հայ բանստեղծի պոեզիային։ Փոքր ու միջին դասարանցիները ներկայացրին հայ ականավոր դեմքերի խոսքերը հայոց լեզվի և հայերեն խոսելու կարևորության մասին։
Վերջում երգեցին «Հայերեն երգենք» և «Այբ, բեն, գիմ» երգերը։
Այն երեխաները, որոնք դեռ հայերեն չեն խոսում, ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն, իսկ ձեռնարկն ավարտվեց աղջիկների պարային համարով։
Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին ու երեխաներին՝ իրենց նվիրվածության եւ ջանքերի համար։





Լուսանկարները՝ Հայկական դպրոցի
Հունիսի 7-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Կրկնոշե լեռների ազգային պարկի համագործակցությամբ, «Կրտեկ» բնապահպանական կրթական կենտրոնում նշվեց «Հայաստանի օրը», որը նվիրված էր Հանրապետության տոնին և նշանավորում էր Կրկնոշե լեռների և Դիլիջանի ազգային պարկերի համագործակցության հաստատման 10-ամյակը:
Ինչպես հաղորդում են ՀՀ դեսպանությունից, միջոցառման խորհրդին նվիրված ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Կրկնոշե լեռների ազգային պարկի տնօրեն Ռոբին Բյոնիշը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը:
Տեղի ունեցավ Դիլիջանի ազգային պարկի հատուկ պահպանվող վայրերին նվիրված ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին հետևեց «Դինա Դանս» պարախմբի ելույթը և չեխ խոհարար Ալիցե Վացիկովայի կողմից պատրաստված հայկական ուտեստների հյուրասիրությունը:
Հայկական պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրերի մասին դասախոսությամբ հանդես եկավ Կրկնոշե լեռների ազգային պարկի տնօրեն Ռոբին Բյոնիշը, այնուհետև, ներկաների ուշադրությանը ներկայացվեց Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի կողմից ստեղծված «Անին՝ հավերժ միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմը:






Լուսանկարները՝ ՀՀ դեսպանության
Հունիսի 8-ին Պրահայի 6-րդ թաղամասի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ազգային ուտեստներին և մշակույթներին նվիրված դեսպանությունների 7-րդ փառատոնը, որտեղ իրենց տաղավարներով ներկայացված էին ավելի քան 50 երկրների դեսպանություններ, այդ թվում, Հայաստանը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ Հայաստանի տաղավարը ներկայացրել էր Pomegranate ռեստորանը, որը ներկայացրել էր հայկական ուտեստներ, խմիչք եւ թխվածքներ։
Փառատոնի շրջանակներում ներկայացվող գեղարվեստական մասում հրաշալի ելույթ ունեցան «Դինա Դանս» պարախմբի աղջիկները՝ Դիանա Հակոբյանի ղեկավարությամբ։









Լուսանկարները՝ ՀՀ դեսպանության եւ Լուսիան Փափազյանի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 11-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում կայացավ ռուսահայ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գեւորգյանի եւ Պրահայի կամերային նվագախմբի՝ բացառիկ ջութակահար, կոնցերտմայստեր Լուդմիլա Պավլովայի ղեկավարությամբ հիանալի համերգը։ Երաժիշտները կատարեցին Մոցարտի, Բեթհովենի կոնցերտները, իսկ նվագախումբն առանձին նաեւ Հայդնի կոնցերտը։ Վերջում Եվան ներկաների չդադարող ծափերին ի պատասխան հրաշալի մեկնաբանեց Խաչատրյանի «Օրորոցայինը» «Գայանե» բալետից։ Հանդիսատեսն ընդունեց բուռն ծափահարություններով ու «Բռավոներով»։
Այնուհետեւ իր ֆեյսբուքյան էջում կիսվելով տպավորություններով, Եվան գրել է.« Հրաշալի տպավորություններ՝ Մոցարտի վերջին կոնցերտը (no 27) եւ Բեթհովենի 1-ին կոնցերտը Պրահայի կամերային նվագախմբի հետ եւ կոնցերտմայստեր Լյուդմիլա Պավլովան՝ Պրահայի ❤️ հիասքանչ Ռուդոլֆինումում»։
Շնորհակալություն Պրահայի կամերային նվագախմբին նման անմոռանալի երեկո կազմակերպելու համար։
Եվայի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ ամսագրին, կարդացեք այստեղ՝ Վիրտուոզ Եվա Գեւորգյանի առաջին ելույթը Ռուդոլֆինումում. Հայկական արմատներն ու հայաստանյան փորձառությունը. Բացառիկ հարցազրույց ՕՐԵՐ ամսագրին – Orer







orer.eu