ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
«Մեզ համար ոգևորիչ է տեսնել այն մեծ քայլերը, որոնք կառավարությունը կատարել է, որոշները նաև մեր աջակցությամբ՝ իրավունքի գերակայությունը դարձնելով հիմնարար, պայքարելով կոռուպցիայի դեմ, հնարավորություն տալով մարդկանց իրենց դիրքորոշումները ժողովրդավար կերպով հայտնելու։ Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին»,- նշեց Օ՛Բրայենը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նաև աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին, ինչպես նաև աշխատում է տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
«Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք կողքի գոյություն ունեն։ Այդ ուղղություններով իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք։ Մենք աջակցում ենք նաև տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,- մանրամասնեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղարներից Բրենդոն Յոդերը, որը համակարգում է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերը։
«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ոլորտում աշխատանքները։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին։ Ակնկալում ենք աշխատել կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին։ Մեր ծրագիրն այն է, որ այս ռազմավարական երկխոսությունը փոխարինենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»,- եզրափակեց Ջեյմս Օ՛Բրայենը։
Ավելացնենք, որ նիստի մեկնարկին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ասաց, որ ԱՄՆ գործընկերների հետ քննարկելու են կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից, մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։
«Մենք արդյունավետ համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ներքո՝ համապատասխան հանդիպումներ ունենալով 2023 թվականի ընթացքում։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների դինամիկան՝ հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը։ Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում և առևտրի հետագա ազատականացման նպատակով, ինչը կարող է ավելի մեծ բարգավաճում, տնտեսության զարգացման և ավելի դիմակայուն դառնալու նոր հնարավորություններ տալ Հայաստանին։
Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ և արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, և մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը շեշտեց, որ ներկայիս մարտահրավերների համատեքստում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիան օրակարգի կարևոր բաղադրիչ է, և կողմերը կքննարկեն արդեն կատարված աշխատանքը, կդիտարկեն հեռանկարները միջուկային էներգիայի և վերականգնվող աղբյուրների ոլորտներում։
«Պաշտպանական համագործակցության մասով գոհունակությամբ պետք է փաստեմ 2023 թվականի «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը։ Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա Նաև ընդգծեց արդարադատության ոլորտի և հանրային կառավարման բարեփոխումները և Հայաստանի հանձնառությունն՝ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ուղղված են քաղաքացիների համար ավելի ամուր, ապահով և առաջադեմ միջավայրի կառուցմանը։