Այսօր` հունիսի 7-ին տեղի ունեցավ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի առցանց մամուլի ասուլիսը միջազգային մոտ 50 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ թվում. BBC-ի, Al Jazeera, ТАСС, Agence France Presse, Sputnik և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալությունների թղթակիցների
Սրբազան հայրը մի անգամ եւս շեշտեց, որ այս շարժումը ավելին է, քան իշխանափոխությունը։ «Սա միայն իշխանափոխության հասնելու ձգտում չէ, այլ վարքաբանական, արժեքային համակարգի փոփոխության, օրենքները հարգելու շարժում»,- ասաց Սրբազանը։ Նա նաեւ ընդգծեց, որ իրենց ցանկությունն է պատերազմի դադարեցումը, քանի որ 2020 թվականից սկսյալ իրականում պատերազմը չի դադարել, եւ իհարկե, իրական խաղաղության հաստատումը։
Սահմանազատման եւ սահմանագծման մասին խոսելիս, Սրբազան հայրը նշեց, որ այդ գործընթացը կատարվում է միակողմանի զիջումներով ու սպառնալիքներով, օրենսդրական խախտումներով, իսկ նման պայմաններում խաղաղություն չի կարող հաստատվել։ «Խաղաղությունը պետք է սահմանված լինի»,- ասաց նա եւ նշեց, որ պետք է իրական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Այն ինչ որ այսօր ներկայացվում է, դա բանակցությունների իմիտացիա է։
Անդրադառնալով Մինսկի խմբի միջնորդական առաքելության հարցին, նա նշեց, որ առանց միջազգային երաշխավորների անհնար կլինի տեւական խաղաղություն հաստատել։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է վերացնել միջնորդների երաշխավորությունը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ հարաբերություններին, շարժման առաջնորդը ընդգծեց, որ իրենք էլ շատ հարցեր ունեն տալու ռուսական կողմին, եւ բոլոր հարաբերությունները պետք է կառուցվեն միայն հայկական օրակարգի ու Հայաստանի շահերի շրջանակներում։
«Մեր հարաբերությունները պետք է լինեն կանխատեսելի՝ հիմնված իրավապայմանագրային դաշտի վրա եւ իհարկե, դրանք նորմալացման կարիք ունեն»,- ասաց նա, պատասխանելով նաեւ ՕՐԵՐ-ի հարցերին։ «Մենք չենք կարող հականերով զարգացնել հարաբերությունները» ասաց նա։
Թեեւ շարժումը ծագել է Կիրանցում եւ Ոսկեպարում, սակայն լուծումը՝ Երեւանում է։ Եվ այն ինչ անում են, միայն մի միտում ունի՝ կանխարգելելու այդպիսի սահմանազատումը։ Իրենց ծրագրերի մասին խոսել են անցյալ երկու հանրահավաքներում։
Պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցերից մեկին, Սրբազան հայրը ներկայացրեց շարժման հիմնական ծրագիրը՝ թե ապագա Հայաստանի տեսիլքը եւ եթե անցումային շրջանի քայլերը։ 1. Ստեղծել հաշտության կառավարություն, որը արդարադատության եւ արդարության հիմքերով, որը քայքայված հասարակության մեջ լայն հաշտություն կձեւավորի։
2 Հաշտության անցումային կառավարությունը լրջագույն մակարդակի պետք է բարձրացնի արտաքին քաղաքականությունն ու արտաքին հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ թե տարածաշրջանային, թե ուժային կենտրոնների հետ։
3 . Հաշտության կառավարությունը պետք է որոշակի սահմանված ժամկետներում ապահովի առաջիկա ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումը՝ մեկնարկային հավասար պայմաններ ապահովելով բոլոր ուժերի համար։ Այդ կառավարությունը պետք է լինի վերկուսակցական, մասնագետների կառավարություն, որի անդամները չեն մասնակցի առաջիկա ընտրություններին, որպեսզի որեւէ լծակվո չազդեն դրանց անցկացման վրա։ Պետք է ունենանք, թափանցիկ եւ արդար ընտրություններ։
Սրբազան հայրը նաեւ ընդգծեց, որ իրենք պետք է ապավինեն իրենց ներքին ուժերին, հասարակությանը դուրս բերել առկա խորը դեգրադացիայից։
Ինչ վերաբերում է ապագա անցումային կառավարության կազմի հրապարակման մասին ՕՐԵՐի մի այլ հարցի, ապա ըստ Սրբազանի առայժմ անուններ չեն հրապարակում, որպեսզի ոչ միայն ավելորդ շահարկումների առիթ չտան, այլեւ տվյալ մարդիկ զերծ մնան անհարկի թիրախավորվելուց։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ազատելու խնդրին, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին, այդ թվում ՝ Սարդարապատում Վեհափառի նկատմամբ կատարված հակասահամանադրական գործողություններին, աղետի գոտու վիճակին եւ դրա կանխարգելման բացակայությանը, միջազգային կառույցների լռությանը՝ հատկապես մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերի առնչությամբ եւ այլն։ Սրբազանը նաեւ տեղեկացրեց, որ շարժմանը կից գործող պրոֆեսիոնալ դիվանագետների խումբն ակտիվորեն աշխատում է Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների ու դեսպանությունների հետ։
Առաջիկա հունիսի 9-ին նախատեսվում է մեծ հանրահավաք հանրապետության հրապարակում, որի ընթացքում կներկայացվեն առաջիկայի անելիքները։ ։
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
orer.eu