Բրուքների սիմֆոնիայի զգայացունց կատարումը Պրահայի Երաժշտության թանգարանում՝ Մաեստրո Ութիջյանի ղեկավարությամբ

  • 15.05.2024
  • 0
  • 293 Views

Մայիսի 14-ին Պրահայի Երաժշտության թանգարանի սրահում կրկին Կարլի համալսարանի նվագախմբի ու երգչախմբի համերգն էր՝ հիմնադիր դիրժիոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Բրուքների երաժշտության սիրահարների թիվն այնքան մեծ էր, որ թանգարանի երկրորդ հարկի պատշգամբում  երիտասարդները ողջ համերգը կանգնած  ունկնդրեցին։ Այդտեղ էլ նախ ելույթ ունեցավ երգչախումբը՝ կատարելով Բրուքների երկու  “Locus iste” եւ “Os justi” մոթեթները։

Այնուհետեւ նվագախումբը կատարեց Անտոն Բրուքների թիվ 4 սիմֆոնիան, որը կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից է։

Բրուքներն այն գրել է 1874 թվականին և մի քանի անգամ վերանայել է մինչև 1888 թվականը: Այն նվիրված է Հոհենլոհե-Շիլինգսֆուրստի արքայազն Կոնստանտինին: Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1881 թվականին Հանս Ռիխտերի կողմից Վիեննայում եւ դեռ այն ժամանակ արժանացել  մեծ գնահատանքի: Ու թեեւ Բրուքները սիմֆոնիային տվել է «Ռոմանտիկ» մականունը, սակայն այն ամենեւին ռոմանտիկ անվանել չի կարել՝ իր հզոր հնչեղության պատճառով։

Մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ նվագախումբը ուղղակի փայլեց, եւ ամենեւին չզգացվեց, որ ընդամենը երկրորդ անգամ են կատարում այս գործը։ (Մայիսի 9-ին այն կատարել  էին Պրահայի տնտեսագիտական համալսարանում)։ Համերգի ավարտը սպասելի էր՝ անդադար ծափահարություններ եւ հիացական բացականչություններ։

Մենք փորձեցինք պարզել մաեստրո Ութիջյանից, թե որ տարբերակը ներկայացվեց չեխ հանդիսատեսին։

Ահա թե ինչ պատասխանեց  նա.«Հեղինակը սոյն համանուագը բազմիցս վերատեսութեանց ենթարկեց։ Մեր կատարածը իր երկրորդ մշակումն է՝ գլխաւորաբար 1878/1880-ին աւարտած, սակայն որոշ հետագայ փոփոխութիւններով։ Մենք Haas-ի հրատարակութիւնը գործածեցինք, սակայն մի քանի տեղ Nowak-ի նուագագրութենէն որոշ տարրեր որդեգրելով։ Գործ մըն է զոր երեսուն տարիէ ի վեր ուսումնասիրած եմ, եւ այս տարի է որ ղեկավարելու առիթը ստեղծեցի, վերջապէս ինքզինքս բաւարար հասուն զգալով»։

Դուք ինչպե՞ս եք մոտենում  Բրուքների երաժշտության մեկնաբանը հարցին, մաեստրոն պատասխանեց.

«Պրուքնըր մեկնաբանելը մեծ խորքերու կը կարօտի, զի շատ խորունկ եւ երկարաշունչ գլուխ-գործոցներ են ասոնք, որոնք համանուագ տեսակի «ժանր»ի էութիւնը իր ազնուագոյն եւ ամենազուտ աստիճանին կը հասցնեն, ըստ իմ (եւ այլոց) կարծեաց»։

Հավատացած ենք, որ բրունքներյան մեղեդիների ազդեցությունը  դեռ երկար կմնա ներկա հանդսատեսի հիշողության մեջ եւ նոր առիթներ կլինեն այն կրկին ըմբոշխնելու համար։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում