Հայոց ցեղասպանությունը հիշատակվեց ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում

  • 04.05.2024
  • 0
  • 40 Views

Մայիսի 4-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են Փարիզում Հայաստանի դեսպանությունից։

Կուրբըվուայի քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ զետեղեցին Հայաստանի դեսպանը, Կուրբըվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին, Ֆրանսիայի Սենատի անդամներ Ռոժե Կարուչին և Մարի-Դո Աեշլիմանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները՝ ավագանու անդամ Ժան-Ժակ Սարաջյանի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ զետեղվեցին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի և Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից:

Ելույթներով հանդես եկան դեսպան Տոլմաջյանը, Կուրբըվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին և և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների դիմադրության շարժման անդամների ասոցիացիայի ներկայացուցիչը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը շեշտեց, որ չնայած մասշտաբների տարբերությանը, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ դրանից մեկ դար անց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումը բացահայտ հայատյաց քաղաքականության դրսևորումներն են՝ վկայակոչելով 1915 թվականին գործված ոճրի և վերջինիս անպատժելիության անմիջական ազդեցությունը Հայոց պետականության առջև ներկայումս ծառացած մարտահրավերների վրա: Դեսպանն ընդգծեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը և դրա անպատժելիությունը դատապարտելու կարևորությունը՝ մարդկության դեմ հետագա ոճիրների կանխարգելման համար։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Կուրբըվուայի բազմաթիվ բնակիչներ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում