Հայոց Ցեղասպանության զոհերի 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Մոլդովայում

  • 30.04.2024
  • 0
  • 136 Views

Հայոց Ցեղասպանության զոհերի 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ապրիլի 24-ին  Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանն այցելել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև։ Նույն օրը ձեռամբ Տաթև Սրբազանի Քիշնևի Սուրբ Մարիամ Աստվածածնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգը։

Ներկա էին Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը, Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Սրբազան Հայրն իր քարոզի ժամանակ անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանությանը, հարց տալով՝ ինչու՞ պատահեց Հայոց Ցեղասպանությունը և նկարագրեց, թե ինչպիսին էին հայ ժողովրդին հասցված վնասները՝ թե՛ ֆիզիկական բնաջնջման, թե նյութական և թե՛ մշակութային առումով՝ մեկ անգամ ևս շեշտադրելով, որ «նման մեծ սփյուռքի ստեղծումը հետևանքն է հանդիսանում հայ ժողովրդի ցեղասպանվելու և աքսորի ճանապարհը բռնելու։ Հայ ժողովուրդը հետևողականորեն լինելու է պահանջատեր Հայոց Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցում»։ 21-րդ դարում ցեղասպանություն էր նաև այն, ինչը կատարվեց Արցախի հետ Ադրբեջանի կողմից, որը ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դատապարտում է։

Սրբազան Հոր ուղերձից հետո, ելույթ ունեցավ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս ամենին հաջորդեց ծաղիկների խոնարհումը եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին։

Հայոց եկեղեցու բակում են գտնվում նաև Մանուկ Բեյ Միրզայանի և նրա դուստրերի գերեզմանները։ Տաթև Սրբազանը հոգեհանգստյան կարգ կատարեց նրանց շիրմաքարերի մոտ, ապա ներկաները ուղևորվեցին Քիշնևի կենտրոնում գտնվող և հայ-մոլդովական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ։ Թեմակալ Առաջնորդը այցելեց նաև Հնչեշտ քաղաքում գտնվող Մանուկ Բեյի տուն-թանգարան։

Երեկոյան, Մոլդովայի հայոց միության և Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հանրապետության Պալատում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը, Մոլդովայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Համերգին ներկա էին Մոլդովայի Խորհրդարանի պատգամավորներ Մարչելա Նիստորը, Վասիլե Շոյմարուն, Հայկ Վարդանյանը, ինչպես նաև քաղաքապետ Իոն Չեբանը, Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Գրահամ Պաուլը, Մոլդովայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Մոլդովայի կառավարության և տարբեր համայնքների ներկայացուցիչները։

Նյութի սկզբնաղբյուրը՝ Uniunea Armenilor din Moldova / Объединение Армян Молдовы ֆեյսբուքյան էջ

 Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում