Ապրիլի 28-ին համերգ-ներկայացումով Հելսինկիում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակը, որը կազմակերպել էր «Վալո/Լույս» պոեզիայի և երաժշտության խումբը։ Ինչպես արդեն գրել ենք, խումբը հիմնադրվել է դեռեւս 2018 թ-ին Հելսինկիում` հայ և ֆինն պեոզիայի սիրահարների կողմից։ Խումբը արդեն 6-րդ տարին է իր մշակութային միջոցառումներով ներկայացնում է Հայաստանը և հայկական մշակույթը Ֆինլանդիայում։
«Վալո/Լույս» թատրեախումբն այս անգամ Քյու թատրոնի բեմում «քայլեց» Ազնավուրի հետքերով։ Միջոցառումը շատ բազմաշերտ էր, բայց հիմնաքարը Ազնավուրի երգերի կատարումներն էին` սեփական մեկնաբանությամբ։ Այդ երգերի մշակումները կատարվել են մանկական երգչախմբի խմբավար Սոնա Զառաֆյանի կողմից, ով միջոցառմանը պատրաստվելու ամբողջ ընթացքում առցանց՝ Գյումրիից հետևել և հղկել է երգերի ուսուցման և ճիշտ մեկնաբանման ընթացքին, իսկ միջոցառման առիթով ժամանել է Ֆինլանդիա և ելույթ ունեցել «Վալո/Լույս» խմբի հետ: Երգերի մեծ մասը ուղեկցվեց Սոնայի և Տուուկկա Սալմենկորվայի կիթառի կենդանի նվագակցությամբ։
Երգերից զատ ներկայացվեցին նաև տեսահոլովակներ, անիմացիոն ֆիլմ, ընթերցվեցին Ազնավուրի երգերի խոսքերը՝ տեսաձայնային ուղեկցությամբ։
Հայ երիտասարդ նկարչուհի Մանու Հարությունյանն էլ ամբողջացրեց միջոցառումը, բեմից` ներկայացման ողջ ընթացքում պատկերելով Ազնավուրի դիմանկարը։
Մտահղացման իրագործման գործում իրենց մեծ ներդրումն ունեցան նաև տարբեր մասնագետներ, ովքեր կամավոր հիմունքներով իրենց հայ բարեկամներին ու ընկերներին օգնեցին ներկայացումն ավելի ներկայանալի ու գեղեցիկ դարձնելու հարցում։
Միջոցառման ընթացքում ներկայացված բոլոր երգերը թարգմանվել են ֆիններեն` «Վալո/Լույս» խմբի գեղարվեստական ղեկավար Հյուդե Հյուտտիի կողմից և հայերեն թարգմանությունների հետ մեկտեղ տպագրվել փոքրիկ բրոշյուրի տեսքով։
Միջոցառումը իրականություն դարձավ Շվեդիայում Հայատանի դեսպանատան, ինչպես նաև Ֆինլանդիա-Հայաստան միության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Մայիլյանը, ինչպես նաև Հարավային Կովկասում Ֆինլադիայի դեսպան Կիրստի Նարինենը ներկա էին միջոցառմանը:
Ավելացնենք նաեւ, որ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, եւ տեղացիներից զատ ներկա էին նաեւ ֆրանսիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
orer.eu