Ապրիլի 23-ի երեկոյան Սոդերթելիո Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների ոգեկոչման արարողություններ` բարեխոսական կարգ և Սրբոց Նահատակաց խաչքարի առջև մոմավառություն` կազմակերպությամբ Հոգևոր Հովիվ Արժ. Տ. Վաղարշ քհն. Իսախանյանի և եկեղեցական վարչության։
Հոգևոր Հովվին աղոթակից էին Շվեդիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերյ. Հովսեփ ծ. Վրդ. Պահեն, Արժ. Տ. Մկրտիչ քհն. Գրիգորյանը, բարեշնորհ Օհան սրկ. Պետրոսյանը, Սուրբ խորանի սպասավորներ և բարեպաշտ հավատացյալներ։
Ոգեկոչման արարողություններին ներկա էին Շվեդիայում ՀՀ դեսպան Նորին Գերազանցություն Տիկին Աննա Աղաջանյանը, Շվեդիայի Խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը, Սոդերթելիո Եկեղեցական և ազգային վարչությունների մեծարգո անդամներ։




Բարեխոսական կարգի ավարտին Հոգևոր Հովիվ Տեր Վաղարշը շնորհակալություն հայտնեց ներկա հոգևոր հայրերին, Տիկին Դեսպանին և բոլոր ներկաներին` Սուրբ Նահատակների հիշատակը միասնաբար ոգեկոչելու համար` պատգամելով, որ միշտ վառ պահենք նահատակված մեր հայրերի վասն հավատո, վասն հայրենյաց ուխտը` ամուր պահպանելով քրիստոնեական մեր հավաքական միությունը` հաղթահարելու համար համազգային մերօրյա դժվարությունները։
Ապա հավուր պատշաճի և իմաստալից խոսքով հանդես եկան Արժ. Տ. Մկրտիչը, Գերյ. Հայր Հովսեփը և Նորին Գերազանցություն Տիկին Դեսպան Աննա Աղաջանյանը։
Ավարտին ներկաները մոմեր վառեցին Սրբոց Նահատակաց խաչքարի առջև։
orer.eu





