8 տոկոսանոց վարչապետ

  • 17.04.2024
  • 0
  • 94 Views

Ամեն մի նորմալ երկիր, որի ղեկավարի վարկանիշը 30 տոկոսից ցածր է, պատրաստություններ է տեսնում նրան փոխարինելու մեկ ուրիշով՝ ավելի հաջողակ, ժողովրդի համար ավելի վստահելի: Նման ղեկավարին փոխելու աշխատանքին բոլորից առաջ լծվում է տվյալ անձի կուսակցությունը: Ոչ ոք չի ցանկանում կորցնել ժողովրդականությունը, խորհրդարանում՝ իր աթոռները, քաղաքապետություններում՝ իր դիրքը, կառավարական պորտֆելները:
Սա՝ նորմալ երկրներում, որտեղ միապետություն-բռնապետություն ու նման հասկացությունները մնացել են պատմության դասագրքերում:

Նախորդ օրը Gellup-ը հրապարակել էր իր հերթական հարցախույզի (polls) արդյունքները: Վարչապետ Փաշինյանի վարկանիշը իջել է 8 տոկոսի, ինչը կատաստրոֆ է վերոհիշյալ երկրների, մինչդեռ մեզ համար ընդամենը՝ «ինչ կա որ», «թողեք մարդը աշխատի», կամ՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «չեմ ուզում դրա անունը լսել», «հապա ուզում եք պատերա՞զմ լինի», «մեկ ա, եթե նոր ընտրություններ լինեն, Նիկոլն է կրելու, ամեն բան իր ձեռքում է», եւլն, եւլն:

Եվ այսպես՝ վարկանիշ չունեցող ղեկավար եւ կամազուրկ, ընկճված ժողովուրդ, իրեն թողնված միակ ելքից՝ արյունահեղությունից, իրավամբ, զգուշացող ընդդիմություն: Մինչդեռ Նիկոլը, միայն սեփական դիրքին վերաբերող հարցերում հմուտ եւ հաշվենկատ, օգտագործելով տարածքներ հանձնողի իր ռեպուտացիան, պատրաստ է հնարավորինս երկարաձգել իր իշխանությունը, թեկուզ 0 վարկանիշով: Կարեւորը նրա համար ոչ թե ժողովրդի անվստահությունն է, այլ՝ արեւմտյան մայրաքաղաքներից հանդիպման հրավեր ստանալը, մեկ էլ՝ Ալիեւին խոսակից-գործընկեր-ենթակա լինելը, թեկուզ Տեր եւ Ծառա ֆորմատով: Նույնը՝ նրա գործակիցները՝ անդիմագիծ եւ հաճկատար:

Լրագրողը հարց է տալիս, թե իշխանությունը ինչո՞ւ է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը Տավուշից սկսել՝ փոխանակ Կապանից կամ Ջերմուկից, Արմեն Խաչատրյան անունն ու լպրծուն դեմքը կրող ՔՊ-ական պատգամավոր եւ հանձնաժողովի փոխնախագահը պատասխանում է անամոթաբար՝ «հարցրեք Ալիեւին»: Ուզում է ասել՝ Ալիեւն է որոշում, մեր կարծիքը՝ հեչ:

Ամոթալի վիճակ՝ որը վարակել է նաեւ մեր պետության, որեւէ պետության, ամենալուրջ համարվող կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, որը նախորդ օրը, Ստեփանակերտից Երեւան հասած Սարգիս Գալստյանին, որն այսպես կոչված պարետն էր համարվում Արցախի մայրաքաղաքի, ձերբակալվեց լրտեսության մեղադրանքով: Անշուշտ եւ անպայման պետք էր նրան հարցաքննել, ինչպես ասում են՝ տնտղել տակից-վրայից: Ստեփանակերտի հայաթափումից հետո ի՞նչ էր անում նա այնտեղ եւ հիմա ինչո՞ւ է հայտնվել Երեւանում, եւլն: Սակայն գլխանց նրան լրտես կոչելը եւ այդ մասին բարձրաձայնելը անգրագիտություն է պարզապես: Էդպես լրտես լինո՞ւմ է, այն էլ՝ իր ոտքով ու կամքով ներկայացող:

Ասենք՝ մեր երկրում ամեն ինչ էլ կարող է լինել ու պատահել: Թշնամին կարող է իր ուզած քարտեզով մատը դնել Հայաստանի որեւէ կետի վրա եւ ասել՝ իմն է: Բարեկամը կարող է թելադրել, թե ո՞վ պետք է լինի կամ չլինի մեր գործընկերը: Մեկ ուրիշը կարող է Քրիստոսին ճանաչել Նիկոլին ճանաչելուց հետո: Իսկ նրա շեֆը կարող է ինքզինք համեմատել Քրիստոսի, մինչ ՔՊ-ական իր ընկերներին՝ Նրա աշակերտների հետ:

Բայց ամենից անհեթեթը 8 տոկոսանոց վարչապետ ունենալն է: Առավել եւս՝ 99 տոկոսի հավակնությամբ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱԶԳ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում