Իտալացի փոխնախարարը խոսել է Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին

  • 13.04.2024
  • 0
  • 121 Views

Ապրիլի 11-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ, նիստը նախագահող Պաոլո Ֆորմենտինին հարց է ուղղել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիին։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

Պաոլո Ֆորմենտինիի հարցը.

ՀԱՐՑ- Կցանկանայի տեղեկանալ, հաշվի առնելով, որ

• Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիան կարևոր ազգային շահեր ունի, մասնավորապես՝ էներգետիկ և առևտրային բնույթի.

Ադրբեջանի միջազգային դիրքավորումը, որը ավանդաբար մոտ է Թուրքիային, խթանել է բազմաթիվ արևմտյան երկրների՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Բաքվի նկատմամբ ավելի բարենպաստ ընկալում ձևավորելու համար.

• Մյուս կողմից Հայաստանը նախկինում հաստատապես ներառված էր Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշինքներում.

• Այնուամենայնիվ, վերջերս Հայաստանն ի ցույց դրեց, որ ցանկանում է արմատապես փոխել իր միջազգային դիրքավորումը՝ ավելի մոտենալով Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, մինչդեռ Բաքուն ավելի ու ավելի հեռու կեցվածք է ցուցաբերում վերջիններիս նկատմամբ.

Ներկայումս անհնարին չէ պատկերացնել Հայաստանի առաջընթաց ինտեգրումը եվրատլանտյան հանրությանը, եթե խրախուսվում է առաջ շարժվել իր նոր ուղով.

Ինչ միջոցներ է մտադիր որդեգրել կառավարությունը՝ խրախուսելու Հայաստանի հետագա մերձեցումը Եվրատլանտյան Արևմուտքի հետ։

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլի.

«Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ դինամիկա են ապրում։ Մենք բարձր ենք գնահատում Բրյուսելի հետ համագործակցությունն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, և կարևոր է խրախուսել Երևանի առաջխաղացումը այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները: Գործող համագործակցության գործիքները՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության տարածաշրջանային մեխանիզմը, ապահովում են այն ինստիտուցիոնալ շրջանակը, որտեղ կարելի է խորացնել երկխոսությունը և համագործակցությունը: Իտալիան հույս ունի, որ մենք կարող ենք հասնել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերության նոր օրակարգի սահմանմանը։ Դա կնպաստեր ռուսական խնամակալությունից Երևանի ամբողջական էմանսիպացիային։

Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության խորհուրդը մարտի 26-ին քննարկեց Հայաստանի օգտին աջակցության մի միջոցառում՝ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվեց բարենպաստ դիրքորոշում։ Միջոցառումը ենթադրում է ոչ մահաբեր, ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարում, և որը նախատեսված չէ Ադրբեջանի հետ առճակատման գծի մոտ հայ զինվորների տեղակայմանն աջակցելու համար։ Իտալիան նաև աշխատում է եվրոպացի գործընկերների հետ՝ Ադրբեջանին նման աջակցության համար, օրինակ՝ ականազերծման ոլորտում:

Մենք վճռականորեն աջակցում ենք Եվրամիության և մասնավորապես՝ նախագահ Միշելի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում, ինչը նախապայման է կովկասյան տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության և բարգավաճման ապագայի և Եվրոպայի հետ մերձենալու հեռանկարների համար:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին, վերջինիս հետ Հայաստանը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 1992 թվականից։ Քաղաքական երկխոսության տեսանկյունից այդ հարաբերությունները հաշվի են առել Մոսկվայի հետ Հայաստանի մերձավորության հետ կապված դժվարությունները, հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո։ Այնուամենայնիվ, համագործակցությունը երբեք չի դադարել։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, կարող է նոր փուլ բացվել։

Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն անցած մարտին մեկնել էր Երևան՝ հանդիպելով նաև նախագահ Խաչատուրյանի և վարչապետ Փաշինյանի հետ։ Ստոլտենբերգը խրախուսել է Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին (Բաքու կատարած այցի ընթացքում), համաձայնության գալ, որը թույլ կտա կարգավորել հարաբերությունները՝ ընդգծելով, որ հարցը մեծ նշանակություն ունի եվրատլանտյան տարածքում անվտանգության համար։

Վերջում երկու խոսք երկկողմ հարաբերությունների մասին. մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։ Տնտեսականում, օրինակ, պետք է շեշտավորել ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճը, որը մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել։ Իտալիան հատուկ ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղից փախստականների՝ հայկական տարածք տեղափոխման հետևանքով առաջացած հումանիտար արտակարգ իրավիճակին, որն արդեն իսկ տրամադրվել է Միջազգային Կարմիր խաչի միջոցով, և հնարավոր հետագա աջակցությանը, որը մենք արդեն առաջարկել ենք Հայաստանի կառավարությանը»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում