Սոպրանո Մարիա Սարդարյանի փայլուն հաղթանակը Տիրանայի միջազգային մրցույթում

  • 08.04.2024
  • 0
  • 886 Views

Մարտի 27-29-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվեց Մարիե Կրայա 20րդ օպերային միջազգային մրցույթը, որին մասնակցել են 250 երգիչ-երգչուհիներ, եւ միայն 16-ն են անցել կիսաեզրափակիչ։

Եզրափակիչ փուլ անցած ութ երգիչներից առաջին մրցանակին է արժանացել միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը, ով իր ելույթով գերել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլեւ հանդիսատեսին։ Ներկաները հիացել են Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիայի կատարումով, որը Մարիայի ամենասիրելի արիաներից մեկն է։

Մրցույթը տեւել է 3 օր, եւ հեռարձակվել է Ալբանիայի հանրային 1-ին հեռուստաալիքով։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Մարիան անկեղծորեն խոստովանեց.« Ես չէի գնացել հաղթելու համար, այլ ուզում էի միայն մասնակցել, որովհետեւ ժյուրիի կազմում էին եվրոպական կարեւոր թատրոնների գեղարվեստական տնօրենները։ Արդյունքում գրավեցի առաջին հորիզոնականը եւ որոշ թատրոնների ղեկավարներից գալիք երկու տարիների համար ելույթների հրավերներ ստացա»։

«Իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այս հաղթանակն ամենատպավորիչն է եղել իմ կյանքում»,- ասաց Մարիա Սարդարյանը։ 

Հիշեցնենք, որ Մարիան ընդունվել եւ 2014թ ավարտել է Երեւանի Կոմիտասի կոնսերվատորիան,  այնուհետեւ ուսանել է Իտալիայի Օզիմոյի Երգի ակադեմիայում, ապա մասնագիտացել է Նեապոլի Սան Կառլո ակադեմիայում։ Նա բնակվում է Միլանում եւ մշտապես ելույթներ է ուենում իտալական տարբեր օպերաներում։  Նշենք միայն, որ 2016 թվականի օգոստոսին նա հաղթել է Զալցբուրգում կայացած Grande Voci երգի միջազգային մրցույթում, իսկ 2017-ին՝ իտալական Կոմո քաղաքոմւ անցկացվող AsLiCo միջազգային մրցույթում։ 2022 թվականին Հռոմում նա մասնակցել է Օտտավիո Ձինո միջազգային պատվավոր մրցույթին եւ նվաճել երկրորդ մրցանակն ու հանդիսատեսի մրցանակը։

orer.eu

Screenshot

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում