«Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում». Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

  • 08.04.2024
  • 0
  • 127 Views

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: ՀՀ վարչապետի հետ հանդիպման մասին նա կարճ գրառում է կատարել X-ի իր էջում:

«Երևանում հիանալի հանդիպում ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Եվրոպայի խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում»,- գրել է Եվրախորհրդի ղեկավարը:

Վարչապետը ողջունել է տիկին Բուրիչի այցը Հայաստան և կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին ու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը միտված քայլերին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը: Վարչապետն անդրադառնալով Եվրոպայի խորհրդի հետ գործակցության հարուստ օրակարգին՝ կարեւորել է ԵԽ-ի դերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման և միջազգային աջակցության ցուցաբերման գործում։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության սերտ գործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն արդյունավետ կերպով է կյանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը նշել է, որ  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարեւոր  նախադրյալ դառնալ:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում