Սողոմոն Թեհլիրյանի 103-րդ ամյակին նվիրված ձեռնարկ Պրահայում

  • 30.03.2024
  • 0
  • 135 Views

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի  15-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ  հայ ժողովրդի արդարահատույց վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի 103-րդ ամյակին  նվիրված ձեռնարկ, որը Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո կազմակերպել էին երիտասարդները։ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի Տերունական աղոթքից հետո Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը ներկայացրեց Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը։  Ապա Սողոմոն Թեհլիրյանի կյանքին ու գործունեությանը, եւ հատկապես բեռլինյան դատավարությանը  նվիրված զեկուցումով հանդես եկավ  Պրահայի Անգլո-ամերիկյան համալսարանի ուսանողուհի Սերինա Բուշը, իսկ նրա ելույթը չեխերենով ներկայացրեց Կարլի համալսարանի ուսանողուհի Նանե Ասատրյանը։

Ձեռնարկին ներկա հայ եւ օտար երիտասարդները հնարավորություն ունեցան դիտելու  դեռեւս 2019-2020 թթ. երուսաղեմահայ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սերինա Բուշի  նկարահանած փաստավավերագրական ֆիլմը՝ «Սողոմոն Թեհլիրյան.Արդարությանը ծառայող մարտիկը» («Soghomon Tehlirian։ An agent serving justice») նվիրված  Սողոմոն Թեհլիրյանի գործունեությանն ու բեռլինյան դատավարությանը։  

Ֆիլմը նկարահանված էր բարձր պրոֆեսիոնալիզմով՝ օգտագործելով կարեւոր փաստավավերագրական աղբյուրներ։ Ֆիլմի նկարահանումները կատարվել էին Ստամբուլում եւ Բեռլինում։  Սերինան հարցազրույցներ էր վարել Գերմանահայ միության նախագահ Րաֆֆի Քանդյանի, պատմաբան, այժմ՝ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շփանգենբերկի,  գերմանաբնակ թուրք  պատմաբան Նիհատ Քենթելի,  Լեփսիուսի թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռոլֆ Հոսֆիլդի հետ։  Ֆիլմը ցուցադրվել է նաեւ ԱՄՆ բարձրագույն դպրոցների 2020 թվականի կինոփառատոնում, ինչպես նաեւ՝ Իսրայելում։

Հիշեցնենք, որ Թեհլիրյանը ծնվել է 1896թ ապրիլի 2ին Բագառիճում՝ Օսմանյան կայսրությունում եւ մահացել է 1960թ մայիսի 23ին Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Նա  հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու, ՀՅԴ անդամ, Հայոց ցեղասպանության վերապրող։ Բեռլինում գնդակահարել է  երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում