Մարտի 22-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի հանդիպումը Չեխիայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նախ ներկայացրեց հանդիպմանը ներկա չեխահայ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստան-Չեխիա կապերով զբաղվող գործարարներին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը։
ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավարը ողջունելով ներկաներին, ներկայացրեց իրենց կողմից իրականցվող ծրագրերը, այդ թվում՝ իԳործ, Քայլ դեպի տուն, Սփյուռքի երիտասարդ դեսպան, ՆերՈՒժ , ԴիասՊրո եւ այլ ծրագրերը։ Ներկայացվեց նաեւ Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեության մանրամասները։ Նշվեց, որ այս տարվա բյուջեով ավելացել է սփյուռքի համար ուսումնական գրականություն տպագրելու եւ այն առաքելու համար նախատեսվող գումարները։
Մուշեղ Ղուկասյանն այնուհետեւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախից բռնի տեղահանվածներին, Սփյուռք-Հայրենիք կապերի վերականգնմանը, մշակութային ձեռնարկների աջակցությանը, արտաքին քարոզչությանը։
Վերջին հարցի շուրջ պարզաբանումներ տվեց նաեւ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Վերջում ներկաները ակտիվ քննարկումները շարունակեցին դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրության ընթացքում։
orer.eu