Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները զարգանում են, դրանք պետք է նոր դրսևորումներ ու արտահայտություններ ունենան, և այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:
Վարչապետը հիշեցրեց իր հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:
«Հիմա մենք պետք է հասկանանք, թե ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի: Դրանից հետո անենք հետևություններ: Բայց նաև կարևոր է, թե ՀՀ ժողովուրդը որքան հնարավոր կհամարի: Բայց այս փուլում մենք գործընթացը տեսնում ենք այսպես՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են: Եվ հիմա ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել: Եվ ես հուսով եմ, որ առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ այնպես չէ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները չեն եղել: Հարաբերությունները զարգանում են, այն նոր դրսևորումներ ու արտահայտություններ պետք է ունենա: Ըստ վարչապետի՝ օրինակ, այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին:
«Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության և հարաբերությունների խորացումը, նաև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, ԵՄ դիտորդների մանդատը ևս 2 տարով երկարաձգելու մասին որոշումը և այսպես շարունակ: Այս պահին գործող մանդատը 2 տարի է»,-ասաց նա:
Հայաստանն ու ԵՄ-ն ունեն շատ լայն օրակարգ: ՀՀ-ն պատրաստ է այդ օրակարգն ընդլայնել ու խորացնել: