Եվրոպական Միությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը

  • 29.02.2024
  • 0
  • 130 Views

EU4Education բարեփոխումները Հայաստանում կկենտրոնանան արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգի վրա՝ ապահովելու ներառական, ճկուն և երեխայակենտրոն մոտեցմամբ կրթություն յուրաքանչյուր երեխայի համար:

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի, 2024 թ. – Եվրոպական միության պատվիրակությունն այսօր հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ մշակված EU4Education Reforms ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը: Եռամյա այս ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երկրում կրթության կառավարման համակարգի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը ամրապնդելու, ինչպես նաև երեխաների և երիտասարդների համար իրենց ներուժը զարգացնելու և կրթական բարեփոխումներում ներդրում ունենալու հնարավորություններ ընձեռելու իր ջանքերում հատկապես գյուղական բնակավայրերում:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նախարարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կրթական բարեփոխումներին աջակցելու համար համապատասխան քաղաքականություններ և ծրագրեր մշակելու, մշտադիտարկման մեխանիզմներն ու տվյալների համակարգերը ուժեղացնելու, ինչպես նաև կրթական ռազմավարության նախագծման, համակարգման, իրականացման և մշտադիտարկման համար կրթության ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը կենտրոնանալու է ազգային կրթական համակարգի վրա, ինչպես նաև աջակցելու է ազգային կրթության բարեփոխումներում որպես առաջնահերթ սահմանված կոնկրետ նախաձեռնությունների Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
 
«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը, հատկապես մարգինալացված սոցիալական խմբերի շրջանում, և ունենալու կենսունակ, լավ կրթված և լավ պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:


 
Ծրագիրը կոչված է նպաստելու «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» իրականացմանը՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի Հանրապետությանը Կայուն զարգացման 4, 5, 10 և 13-րդ նպատակներին հասնելու գործում: Մինչև 2027 թվականը գործընկերները նպատակ ունեն դրականորեն ազդելու սովորողների ուսումնառության արդյունքների վրա, ստեղծելու հզորացված ինստիտուցիոնալ շրջանակ՝ որակյալ և ֆինանսական կառավարմամբ, թափանցիկության և կատարողականի մշտադիտարկմամբ: Ծրագիրը հաշվի կառնի նաև շրջակա միջավայրին առնչվող գործոնները դպրոցների կառավարման մեջ՝ ամրապնդելով կապը կլիմայի փոփոխության, աղետների ռիսկի կառավարման և կրթության ոլորտի դերակատարների միջև:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում: «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա
Անդրեասյանը:
 
«Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրոպական միության համար: Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է և հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում ՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողվի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին:
 
«Մեր մոտեցումը առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է»,- ընդգծել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում