Հայաստանի նախագահը Բաղդադում. հանդիպումներ նախագահի եւ վարչապետի հետ, այց առաջնորդարան

  • 28.02.2024
  • 0
  • 162 Views

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ:

Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում է ապրում և մենք արդեն իսկ ունենք որոշակի ձեռքբերումներ մի շարք հարցերում։ Վստահ եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցն Իրաք իր նպաստը կունենա մեր երկրների հարաբերությունների ամրապնդման գործում, վստահ եմ նաև, որ այցի շրջանակներում կլինեն արդյունավետ քննարկումներ և կգրանցվեն նոր հաջողություններ տնտեսության, մշակույթի, տուրիզմի, տեխնոլոգիական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման հարցում»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշել է. «Մենք տեսնում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, որը վկայում է մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության մասին։ Իմ այցին նախորդել էր Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, որը շատ սպասված էր և պատմական։ Մենք այսօր պարտավոր ենք շարունակել սերտացնել մեր երկրների համագործակցությունն առավել ևս, որ դրա ներուժը կա գրեթե բոլոր բնագավառներում տնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մենք կարողացանք համատեղ նախաձեռնել Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման մի նոր փուլի մեկնարկը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և մշակույթի ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության ամրապնդման օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների փոխգործակցության ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը։ Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ։

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն, այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանում կայուն, տևական խաղաղության հասնելու հարցի շուրջ։ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հարևանների և գործընկերների հետ հաստատել բարիդրացիական ու կայուն հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային հիմնարար սկզբունքների և իրավունքների գերակայության վրա։

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն իրենց առանձնազրույցի և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների համար հայտարարություններով:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է.

«Մեծ ուրախությամբ այսօր գտնվում եմ Բաղդադում՝ բարեկամ Իրաքի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած առաջին պաշտոնական և դրանով իսկ պատմական այցի շրջանակներում: Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Ամիսներ առաջ իմ գործընկեր դոկտոր Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին ընդունել ենք Երևանում՝ Իրաքի Հանրապետության նախագահի պատմական այցի շրջանակներում: Այսօր իմ այցն Իրաքի Հանրապետություն ևս մեկ պատմական ձեռքբերում է մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, որը վկայում է Հայաստանի և Իրաքի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Նախագահ Ռաշիդի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում քննարկել ենք հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Գոհունակությամբ արձանագրել ենք վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և մեր երկրների միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչություններ աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն, ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ատիվ մասնակցությունը:

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ ընդգծել ենք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը:

Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը:

Անդրադարձ ենք կատարել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին՝ արձանագրելով երկուստեք հետաքրքրություն զարգացնելու կապերն այս ոլորտներում:

Հայ-իրաքյան հարաբերությունների համատեքստում կարևորել ենք Իրաքի հայ համայնքի դերակատարումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել բարեկամ Իրաքի ղեկավարությանը և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ապաստան տրամադրելու, ազատ ապրելու և ստեղծագործելու լայն հնարավորություններ ընձեռելու համար: Իրաքի հայերը մշտապես եղել են Ձեր երկրի լիիրավ քաղաքացիներ՝ իրենց տաղանդներով և կարողություններով նպաստելով Իրաքի բարգավաճմանն ու զարգացմանը:

Քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա:

Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին՝ իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու և բարեկամական միջավայրում քննարկումներ անցկացնելու համար»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան:

Նախագահն Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջել է եկեղեցում, ապա ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:  

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ:

Իրաքի վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպումը Մյունխենում, որոնք ցուցիչներ են մեր երկրների սերտ հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա ներուժի հետագա առաջմղման համար»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ, որ Իրաքի նախագահի այցը, որը տեղի ունեցավ անցած տարի նոյեմբերին Հայաստան, և իմ այս այցը խթան կհանդիսանան մեր երկրների հարաբերությունների զարգացման համար, վստահ եմ նաև, որ մեր հանդիպումները կիրառական նշանակություն և արդյունքներ կունենան»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, տուրիզմի, առողջապահության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժն ու վերջինիս իրականացման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործում, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչակցությունների հանգամանքը, ինչն իր նպաստն է բերում բարեկամության և գործընկերության շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի գերակայության շրջանակում կարգավորելու հրամայականը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում