Ժողովրդական տարազների օրը նշվեց Չեխիայի խորհրդարանում. Պատգամավորների մի մասը աշխատանքի էր եկել տարազով

  • 27.02.2024
  • 0
  • 419 Views

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ այսօր տարազներով էին եկել աշխատանքի։ Պատգամավորների պալատում Ժողովրդական տարազների օրը սկսվեց  ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացված էին  կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված հիսուն նորաստեղծ տոնական տարազներ, ինչպիսին դրանք եղել են  1820-1920 թվականներին:

Ազգագրագետ Ռոմանա Հաբարտովայի նախագծերի հիման վրա դրանք ստեղծվել են վերջերս, և դրանց ստեղծմանը մասնակցել են  Չեխիայի Զլինի շրջանի հիսունից ավելի ստեղծագործողներ։ Ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնել են Պատգամավորների պալատի գրասենյակի ղեկավար Մարտին Պլիշեկը, պատգամավոր Ռադեկ Վոնդրաչեկը և պատգամավոր Մարգիտա Բալաշտիկովան։

Հավաքածուն, որը ցուցադրվում է Պատգամավորների պալատում, մատնանշում է տարազների հեղինակների՝ դերձակների, դերձակուհիների, ասեղնագործների, կոշկակարների և ֆրեզերագործների հանճարեղությունն ու ստեղծագործությունը, ինչպես նաև Չեխիայի արտասովոր տարազային բազմազանությունը։ Սա հարգանքի տուրք է  ձեռքի ազնվագույն աշխատանքին և տոն բոլոր այն կրողների համար, ովքեր հոգ են տանում, գնում և այդպիսով մասնակցում  տարածաշրջանային և ազգային ավանդույթների պահպանմանը:

Բացի տարածաշրջանային տարազներից, որոնք դեռևս Չեխիայի առանձին շրջանների ավանդույթների և մշակույթի կենդանի արտահայտությունն են, ներկաները համառոտ հիշեցին նաև այսպես կոչված «čamara-չամարայի» ֆենոմենը, որը սկիզբ է առնում 19-րդ դարից։ Դա փորձ էր ստեղծել համընդհանուր ներկայացուցչական չեխական ազգային զգեստ, որը կցուցադրեր ազգային ազատագրության գաղափարը:

Չամարան դարձավ հայրենասիրական հանրային արարողությունների մի մասը, ինչպիսիք են տոնակատարությունները և պարահանդեսները, ինչպես նաև մասնավոր արարողությունները, ինչպիսիք են հարսանիքները: Պատգամավորների պալատի արխիվում դեռեւս կարելի է գտնել որոշ պատգամավորների պաշտոնական նկարները՝ իրենց չամարայով, որոնք լուսանկարվել են Չեխոսլովակիայի առաջին օրերին:

Հետաքրքիր է, իսկ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կհիշեն երբեւէ, որ ազգային ու հայրենասիրական նման ձեռնարկներն ունեն նաեւ կրթական նշանակություն եւ օրինակ կվերցնեն իրենց եվրոպացի գործընկերներից։

orer.eu

Լուսանկարները՝ Հակոբ Խոջայանի եւ խորհրդարանական կայքէջի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում