Պետք է ստեղծել Թումանյանի թանգարան-ինստիտուտ եւ Դսեղում՝ արգելոց. առաջարկում է բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը

  • 19.02.2024
  • 0
  • 248 Views

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-րդ հոբելյանն է։ Ինչպես միշտ ձեռնարկներ կկազմակերպվեն Երեւանում, Դսեղում եւ Թբիլիսիում։ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տարիներ շարունակ հարգանքի տուրք է մատուցվել նախ Թումանյանի արձանի մոտ՝ Երեւանում, ապա Թումանյանների ընտանեկան գերեզմանի մոտ՝ քաղաքային պանթեոնում, Դսեղում անցկացվել են տոնական միջոցառումներ, իսկ Թբիլիսիում  ոչ միայն գրական երեկո է կազմակերպվում Թումանյան մշակութային կենտրոնում, այլեւ այցելություն Խոջիվանքի պանթեոն, ուր հանգչում է Մեծ Բանաստեղծը։

Ինչպես ՕՐԵՐի հետ զրույցում նշում է Թումանյանի թոռնուհին՝  բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը, տարիներ շարունակ Թումանյանին նվիրված ձեռնարկների կազմակերպման գործում մեծ ներդրում է ունեցել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, երջանկահիշատակ Սերգո Երիցյանը։ Նրա անմիջական աջակցությամբ տպագրվել են բազմաթիվ թումանյանական հատորներ, կազմակերպվել են տասնյակ միջոցառումներ, Թումանյանի ժառանգների այցերը Հայաստան։  Այդ գործը շարունակում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Գարեգին Ներսիսյանը, որի տնօրինությամբ գործող Երեւանի 135 դպրոցում  տեղի կունենան գրքերի շնորհանդես եւ գրական ցերեկույթ։

«Այսօր , Երիցյանի պակասը շատ է զգացվում, քանի որ դեռեւս կյանքի չի կոչվել մեր համատեղ քննարկումների գաղափարը՝ Թումանյանի Երեւանի թանգարանը դարձնել  թանգարան-ինստիտուտ։ Այն կդառնա ոչ միայն թումանյանագիտական հետազոտությունների, այլեւ հայ գրականության ուսումնասիրության կենտրոն,- ասում է մեզ հետ զրույցում տիկին Սաֆրազբեկյանը։  Դեռ տարիներ առաջ, այս գաղափարը քննարկել ենք նաեւ հայտնի թումանյանագտների հետ, այդ թվում ՝ Էդ. Ջրբաշյանի, Լեւոն Հախվերդյանի, Ազատ Եղիազարյանի, Սուսաննա Հովհաննիսյանի, Մագդա Ջամփոլադյանի հետ։ Այս ուղղությամբ աշխատում էին նաեւ Թումանյանի թանգարանի նախկին տնօրենուհի Անի Եղիազարյանն ու թանգարանի աշխատակիցները։

Հաջորդ կարեւոր առաջարկը, որ նույնպես մտածում էին իրականացնել Ս. Երիցյանի հետ, Դսեղի շրջանում ստեղծել Թումանյանական պատմամշակութային արգելոց՝ իր տեսարժան վայրերով։ Նման օրինակներ շատ կան աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ուր Տոլստոյի, Լերմոնտովի, Պուշկինի եւ այլ գրողների արգելոցները հայտնի են բոլորին։ Իսկ Լոռին՝ իր չքնաղ բնաշխարհով, լիովին տալիս է նման արգելոց ստեղծելու հնարավորություն։  Դա կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը։

Փետրվարի 19-ը նաեւ վերջին տասնամյակներին նշվում է  իբրեւ գիրք նվիրելու օր։  Թումանյանը պաշտել է գիրքը։ Իր գրադարանում կար 8150 գիրք, որոնք տեղավորված էին 12ը պահարանների մեջ՝ ըստ թեմաների։ Այսօր գիրք կարդալու եւ գրքի հանրայնացման հարցում մեծ է նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարակչության դերը, որտեղ տպագրվել են Թումանյանի գրական ժառանգությանը նվիրված 50ից ավելի գրքեր։ Տիկին Սաֆրազբեկյանի ասելով, հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հետաքրքիր  առաջարկ է արել։ Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչպես է ծնվում գիրքը, կարելի է շաբաթական մեկ անգամ էքսկուրսիա կազմակերպել հրատարակչություն եւ տպարան, որպեսզի նաեւ երեխաները ծանոթանան գրքի ստեղծման ընթացքին՝ խմբագրումից մինչեւ տպագրություն։  Այդպիսով նրանք կվերագնահատեն գրքի արժեքն այնպես, ինչպես այն երկու  հայ կանայք, որ 1915 թվականին Մշո «Ճառընտիրը» երկու մասի բաժանելով՝ 28 կգ ծանրությունը շալակած հասցրեցին Հայաստան։

Կարելի է շարունակել կարդալ Թումանյանի հեքիաթները, պոեմները, քառյակները, բայց Թումանյանի թոռնուհու կարծիքով, հատկապես մեր օրերում, շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդներն ընթերցեն գրողի հոդվածները։

Իրմա Սաֆրազբեկյանի ասելով՝ «Այդ հոդվածներում մեր ժողովրդի տարեգրությունն է։ Ինչպես իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում է գրում .«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Ընդհանրապես Թումանյանի ամեն մի հոդված կամ նամակ ընթերցելիս հասկանում ես, որ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը։ Նույնիսկ այն փոքր հեռագիրը, որ 1913 թվականին նա ուղարկել է Շուշիի թեմական դպրոցին՝  հիմնադրման 75 ամյակի առիթով, նա հիացել է ղարաբաղցիներով, գրելով.«Այսօր, երբ պատմական Ղարաբաղը, հայրենի բարձունքներում այդպես ուժգնորեն ամրացնում է յուր հոգեւոր կրթության միջնաբերդը, տոնելով նրա գոյության 75-ամյակը, ես հրճվում եմ։ Կեցցե՛ պանծալի Ղարաբաղը. Թո՛ղ նրա  որդիները լինեն բարձր ու անշարժ, ինչպես նրա հսկայական լեռներն են»։

Խոսելով հայության մասին,  Թումանյանը հայ ժողովրդին բաժանում էր երկու մասի՝ մի մասը ժողովուրդն է, մյուս մասը՝ ամբոխը։ Ժողովուրդը բարի է, իմաստուն, խելացի ու կառուցող, իսկ ամբոխը չար է, նախանձ, տգեղ ու քանդող։

Իզուր չէ, որ Թումանյանը ասում է՝ Ամեն ինչ աշխարհում շատ հեշտ է, բացի Մարդ լինելուց։ Եվ 155 տարի անց էլ, հիշում ենք Թումանյանի ամենակարեւոր պատգամը՝ Մնացեք ՄԱՐԴ։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում