23 միլիոն եվրո Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի համար. Այն պատկանել է նախկին նախագահ Ժիսկար դ՝Էստենին

  • 16.02.2024
  • 0
  • 229 Views

Հայաստանը 3-4 ամսվա ընթացքում ՀՀ դեսպանության համար ձեռք կբերի Փարիզի 16-րդ թաղամասում տեղակայված Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին պատկանող պատմական շենքը` վճարելով 23 միլիոն եվրո։

Փետրվարի 15-Ին տեղի ունեցած կառավարության նսիտում նշվել է, որ որոշման ընդունումը  պայմանավորված է  Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23  միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։ Հետագայում գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Ընդհանուր առմամբ, ըստ նոտարական գրասենյակից ստացված տեղեկատվության, ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։ Ըստ այդմ՝ առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում՝ 2 մլն 300 հազար եվրո:

Ինչպես նշել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին, որն ավարտվում է 2025 թ.-ին: Ըստ փոխնախարարի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ պատճառով դեսպանությունը հանձն է առել շենքային նոր պայմաններ գտնել Փարիզում»։

Մնացական Սաֆարյանի խոսքով՝ երեք տասնյակ տարբերակներ են քննարկվել, և դեսպանությունը կանգ է առել այս տարբերակի վրա, որը ներկայացվել է կառավարությանը: Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ ընտրված շենքն ունի առավելություններ՝ լոգիստիկ առումով և անվտանգության տեսանկյունից:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում